/PanARMENIAN.Net/ 01.04.2010 - Հայ-թուրքական գործընթացում իրավիճակը վերջին ամիսներին էականորեն բարդացել է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին: Նրա խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրավիճակը հատկապես բարդացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը:
Ընդ որում, անդրադառնալով Վաշինգտոնում Սարգսյան-Օբամա-Էրդողան եռակողմ հնարավոր հանդիպմանը, Ստանեւսկին ասել է, որ մեկ հանդիպումով այսպիսի հարցերը չեն լուծվում: «Միգուցե այս հանդիպումից հետո հայ-թուրքական գործընթացն առաջընթաց ունենա, գուցեեւ` ոչ: Համենայնդեպս, ԱՄՆ-ն նախանձախնդիր է, որպեսզի առաջընթաց լինի, նույնիսկ եթե առաջընթաց էլ չլինի, միեւնույն է` նա ցույց է տալու, իբր այդ առաջընթացը կա», - ասել է Ստանեւսկին` ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը չի կարելի դիտել վարդագույն լույսի ներքո: Նրա խոսքերի համաձայն, նախատեսվող հանդիպումը նույնպես առնչվում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին:
Նա նկատել է նաեւ, որ այն երկրները, որոնք շահագրգռված են այս գործընթացով, բոլոր ուժերը ներդնելու են, որպեսզի լարվածությունը թուլացնեն:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիայում ապօրինի ապրող 100 հազ. հայերի հնարավոր վտարմանը, Ստանեւսկին ասել է, որ այդ հայտարարությունը կրքերի բռնկում էր, ինչը վերջին ժամանակներում հաճախ է նկատվում Էրդողանի մոտ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Friday, April 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment