Tuesday, April 6, 2010

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

«ԱԶԳ» , 06-04-2010- Առաջիկա տասնօրյակի ինտրիգը լինելու է ԱՄՆ-ում միջուկային անվտանգությանը նվիրված համաժողովին Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարների մասնակցությունն ու Օբամա-Սարգսյան-Էրդողան հնարավոր հանդիպումը Վաշինգտոնում ապրիլի 12-13-ին: Գագաթաժողովին Թուրքիան մասնակցում է վարչապետ Էրդողանի մակարդակով: ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին արդեն իսկ ողջունել է Էրդողանի այդ որոշումը: Դեռեւս պարզ չէ, թե անցած շաբաթ Հիլարի Քլինթոն-Դավութօղլու հեռախոսազրույցի ժամանակ թուրքական կողմին ի՞նչ որակի հույս են տվել Հայոց ցեղասպանությանը վերաբերող եւ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովով անցած բանաձեւի հետագա ընթացքի կամՙ ավելի ստույգ` նրա հետագա ընթացքը կասեցնելու վերաբերյալ, բայց Էրդողանը գնում է, ուրեմն` մի բանի հույս ունի: Ուշագրավ է, որ այս համաժողովին, Կրեմլի մամուլի ծառայության տեղեկացմամբ, մասնակցելու է նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Հայաստանի նախագահի գրասենյակից դեռեւս պաշտոնապես Վաշինգտոն մեկնելու վերաբերյալ հաղորդագրություն չի տարածվել, սակայն ամենայն հավանականությամբ Հայաստանի նախագահը մեկնելու է ԱՄՆ, եւ այստեղ ոչ միայն եռակողմ հանդիպում է սպասվում, այլեւ կարող են լինել նաեւ այլ շահագրգիռ հանդիպումներ: Մինչ այդ որոշ զարգացումներ եղան Հայաստանում: Ուրբաթ օրը Հայաստանի վարչապետը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն` ճնշման տատանման հետեւանքով, հաջորդ օրը դուրս գրվեց, ու հավանական է` մի քանի օր դեռ աշխատանքի չի գնա: Ու... սկսվեց` թերթ ու կայք համատարած հեռուն գնացող ենթադրություններ էին անում, թե գուցե Տիգրան Սարգսյանն էլ չի պաշտոնավարելու եւ այլն: Ենթադրություն անելը` ոչինչ, բոլորի իրավունքն է, սակայն հեքիմաբայղուշական ենթադրությունների միախառնումը քաղաքական ենթատեքստերին պետք է գոնե մինիմում քաղաքական իրավիճակ ենթադրի նախ: Իսկ մի՞թե քաղաքական իրավիճակ նշանակում է այն վիճակը, երբ ինչ-որ մեկն ուզում է վարչապետ դառնալ: Հետո` նաեւ նախագահ, ու փաստորեն, այդպիսով` ՀԱԿ-ի ասածը կլինի: Ուրեմն ՀԱԿ-ն ու այդ ցանկացողը (ասենք` Ռ. Քոչարյանը, բայց հասկանանք նաեւ` բոլոր մյուս ցանկացողները) նույն ցանկությունն ունեն. միաժամանակ, թե՞ ամեն մեկն իր համար` դա էլ թողնենք ենթադրությունների սիրահարներին: Չէ, ուրիշ բան, որ ԼՂ հարցում ինչ- որ բան այն չլինի, անխուսափելի պարտադրանք լինի միջազգայինների կողմից, եւ առաջին-երկրորդ-երրորդ նախագահները պայմանավորվեն: Հիվանդացող էլ կլինի, արտահերթ ընտրություն էլ: Եթե ամեն ինչ այդքան վատ լիներ` կարող էր եւ հիվանդանալ հենց Սերժ Սարգսյանն ու չգնար այդ Վաշինգտոնի հանդիպմանը, կամ` վարչապետը որ հիվանդ է, ինքը որպես գործադիր իշխանության ղեկավար, կարող է եւ չգնալ: Մանավանդ որ այդպես էլ անհայտ մնաց` ի՞նչ պատասխանեցին Հայաստանի իշխանությունները Մինսկի խմբի համանախագահներին մադրիդյանի մասով: Բայց նոր կիսաշեշտեր կան, որ մատնացույց են անում, թե Թուրքիան, այնումենայնիվ, ուզում է շրջանցել ադրբեջանական չեմուչումը, կամ նրան ստիպում են շրջանցել, ու ճար չկա, մի բան պետք է ասի ի վերջո հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, առանց ԼՂ հարցում ինչ որ տեղաշարժի պետք է դինամիկա ապահովի. այսինքն` ղարաբաղյան հարցում թուրքերի սպասած «առաջընթացն» առայժմ «ատլաժիտ» են անում: Երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Է. Շարմազանովն ասում էր, որ եռակողմ հանդիպումից, որը հայտնի չէ դեռ` կկայանա՞, թե՞ ոչ, մեր (հայերիս) ակնկալիքները հստակ են, մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, իսկ Ղարաբաղի խնդիրն էլ Թուրքիայի հետ չենք պատրաստվում քննարկել, քանի որ Թուրքիան այս հարցում կողմնակալ վերաբերմունք ունի: Բայց առավել կարեւորն այն շեշտադրումներն են, որ արել է նախագահ Սարգսյանը գերմանական «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցում: Այդ շեշտադրումները հատկանշական են նրանով, որ հնչել են վաշինգտոնյան հանդիպումից առաջ, անկախ նրանիցՙ նախագահ Սարգսյանը գնալու է, այդ հանդիպմանը, թե ոչ: Երկու դեպքում էլ բավական խոսուն մեսիջներ են` ուղղված ե՛ւ միջազգային հանրությանը, ե՛ւ թուրքերին, իսկ թե ի՞նչ կհետեւի` կախված է շատ ու շատ գործոններից, ու կարող են լինել նաեւ անսպասելի սցենարներ: (Հարցազրույցի մասին ավելի մանրամասնՙ 4-րդ էջում): Մինչդեռ անցած շաբաթավերջին մերոնք հանգիստ ու ծուլորեն խոսում էին ավելի «գլոբալ» խնդիրներից: Ռ. Քոչարյանի` վարչապետի ու հետագայում նախագահի տեսքով վերադարձի մասին խոսակցությունների ջգրու` Գալուստ Սահակյանն ասում էր, որ Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը կառաջադրի 2013 թվականի նախագահական ընտրություններում, եւ դեռ Ռ. Քոչարյանի առաջադրումն էլ հավանական չհամարեց` շարունակականությունն ապահովում է Սերժ Սարգսյանը: ՀԱԿ-ը մոգոնել է, որ արտահերթ ընտրություններ են լինելու, նախագահական թե խորհրդարանական, կարեւոր չեն, որպես տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի հաղթահարման լավագույն միջոց: Դե ասա` տնտեսական ճգնաժամն այդքան ծանր տանող մյուս երկրներում արտահերթ ընտրություններ է, որ պետք է լինեն, գլխի գցող չկա, մեր ՀԱԿ-ականներին գործուղենք` փորձ փոխանցեն: Իսկ ընդհանրապես` Հայաստանում հիմա մի քանի պլանով զարգացումներ կարող են լինել: Նախ` փոփոխությունների բոլորն են սպասում: Դրանք ի վերջո կանի երկրի նախագահը, թե ուրիշ մեկը, կարեւոր չէ, բայց որ արդեն երկրորդ տարին պաշտոնավորող նախագահը փոփոխությունների վերաբերյալ իր տված խոստումներից ոմանք տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չհասցրեց իրականացնել` դա փաստ է: Մարտի 1-ի ու նրա հետեւանքների հաղթահարումն արդեն մի մեծ պատճառ է, գումարած ԼՂ հարց, Հայ-թուրքական տուրեւառումներ: Սակայն հասարակությունը նրանից շատ բան է դեռ սպասում, այդ թվում` արդարության եւ օրինականության հաստատում, օլիգարխների զսպում, կոռուպցիայի գոնե մասամբ նվազում, հիմա` թանկացումների զսպում նաեւ: Մյուս սպասելիքներն արդենՙ սրանցից հետո: Կհասցնի՞ դուրս գալ նախագահը հայ-թուրքական եւ ղարաբաղյան հանգույցների պարտադրանքներից եւ անցնել այս` ամեն օր մեթոդաբար տարվող աշխատանքին` լավ, չի՞ հասցնի, սցենարների եւ ենթադրությունների պակաս չի լինի... ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: