«ԱԶԳ», 08-04-2010- Վերջերս Բաքվում` Իրանի դեսպանատան առջեւ «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» նախաձեռնությամբ կազմակերպվեց բողոքի ցույց. ցուցարարները «մտահոգված» լինելով Ուրմիա լճի բնապահպանական խնդիրներով, լիճն անվանել էին «ադրբեջանցիների բնօրրան»: Նույն թեմայով ցույց կոնգրեսը կազմակերպեց նաեւ բուն Ուրմիա լճի շրջակայքում, որտեղ տեղի բնակիչ ազերիները (ոչ ադրբեջանցի-Հ. Ա.), փաստորեն ներքաշվեցին ավելի շատ քաղաքական, քան բնապահպանական հարցերի մեջ: Իսկ «պատմությունը» սկսվում է ադրբեջանական հանրակրթական դասագրքերից. Ուրմիա լիճը, ինչպես նաեւ իրանական Գիլան եւ Մազանդարան նահանգները դասագրքերում նշված են որպես Ադրբեջանի տարածքներ (մեր թերթը նախորդ համարներից մեկում անդրադարձել էր ադրբեջանական դասագրքերին-Հ. Ա.): Իսկ իրականությունն այն է, որ ոչ թե «Իրանն է առաջացել ադրբեջանական տարածքների վրա», այլ Ադրբեջան պետությունն է առաջացել եւ կազմավորվել իրանական տարածքների վրա: Այս փաստին բազմիցս անդրադարձել եւ դեռ շարունակում են անդրադառնալ իրանցի մի շարք պատմաբաններ, այս մասին նաեւ մեր թերթը գրեց ապրիլի 3-ի համարում: Սակայն սրանից Ադրբեջանի ախորժակը չի անհետանում. նա Իրանի հյուսիսի նկատմամբ ինչպես ունեցել է նկրտումներ, այնպես էլ շարունակում է ունենալ: Ամենեւին տարօրինակ չէ Բաքվի հրավերը Իսրայելին տարածաշրջան, ընդ որում հենց Իրանի դեմ ուղղված նախագծեր իրականացնելու համար, ամենեւին տարօրինակ չեն ադրբեջանա-իրանական պարբերական «վեճերը» Կասպյան տարածաշրջանի վերաբերյալ: Ադրբեջանը, իրանական հողերում կազմավորվելուց հետո միշտ էլ նպատակ է ունեցել զավթել Իրանի հյուսիսը` առանց հաշվի առնելու հարեւան երկրի տարածքային ամբողջականությունը` ի դեպ:
Այս ամենի ֆոնին բավական հետաքրքրական շրջագայություն է ձեռնարկել Իրանի ոչ պակաս ամբիցիոզ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իր նախագահության երրորդ շրջանի նահանգային այցերն Իրանի նախագահը սկսելու է հենց երկրի հյուսիսային շրջաններից, այս մասին տեղեկացնում է «Իրնա.իր» լրատվական կայքը: Ահմադինեժադը հանդիպելու է Ուրմիայի ազգաբնակչության հետ, պատասխանելու է նրանց հուզող հարցերին, այցելելու է շատերի բնակարանները, մի խոսքովՙ երկրի նախագահը հանդիպելու է իր իսկ երկրի քաղաքացիներին:
Հայոց ցեղասպանություն, հայկական Ղարաբաղ, Բաքվի, Սումգայիթի եւ Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացված հայերի ջարդեր, սրանք այն իրողություններն են, որոնց «կեղծվածությունը» ամեն կերպ փորձում է «ապացուցել» Ադրբեջանը` օգտագործելով նավթադոլարային քարոզչամեքենան, սակայն ամենեւին էլ չմեջբերելով հայ պատմաբաններին կամ տարբեր գործիչներին, այլ արտասահմանցիներին, փաստենք. հարեւան «Ադրբեջանը` որպես պետություն կազմավորման առաջին իսկ տարուց` 1918-ից կեղծում է իր իսկ պատմությունը», ցավալին այն է, որ այդ «պատմական գիտելիքները» ստանում են սերունդներ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment