Monday, April 5, 2010

Գագիկ Ծառուկյան. «Բաքու մեկնող մարզիկների ընտրությունը կատարված է ոչ թե քանակի, այլ որակի սկզբունքով»

Panorama.am. 5-4-2010- 2010 թ. ապրիլի 20-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի կունենա աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի մարզական պատվիրակությունը` բաղկացած 12 հոգուց: Պատվիրակության ղեկավարն է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմի անդամ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Բաքու կմեկնի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Տիգրան Ղամբարյանը: Վաղը մեր երիտասարդական ընտրանին ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի ղեկավարությամբ կուղևորվի Թբիլիսի` աշխարհի առաջնությանը նախապատրաստության շրջանակներում անցկացնելու ուսումնամարզական վերջին հավաքը: Մեր հավաքականի կազմում ընդգրկված են ևս երկու մարզիչներ` Սամվել Սողոմոնյանը և Ռուդիկ Մկրտչյանը, ինչպես նաև բժիշկ Համլետ Բեգոյանը: Իսկ մարզիկները թիվը 6-ն է: Բաքվում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն մինչև 48 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, Նարեկ Աբգարյանը (51 կգ), Արթուր Քիրաջյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (57 կգ), Հրայր Մաթևոսյանը (60 կգ) և Հովհաննես Բաչկովը (64 կգ): Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Բաքու մեկնող հավաքականի մարզիկների ու մարզիչների հետ: «Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչները Բաքվում տեղի ունենալիք առաջնությանը մասնակցելու նպատակով ընտրել են մեր երիտասարդ լավագույն մարզիկներին,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:- Ընդամենը 6 մարզիկ ենք գործուղում Ադրբեջանի մայրաքաղաք, բայց ամենակարևորը ոչ թե քանակն է, այլ որակը: Մենք ընտրել ենք որակը: Բռնցքամարտիկները, անշուշտ, գիտակցում են, որ ռինգ են մտնելու ոչ միայն իրենց անվան, այլ նաև մեր պետության ու ժողովրդի համար: Հայությունը ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում, ուշադրությամբ կհետևի մեր բռնցքամարտիկների ելույթներին, որովհետև նրանք ներկայացնելու են մեր ժողովրդին ու պաշտպանելու են նրա պատիվը: Ընտրված մարզիկները միջազգային մրցաշարերի մեծ փորձ ունեն և, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել են ակնառու հաջողությունների հասնել: Բաքվում մեր պատվիրակության անվտանգությունը երաշխավորված է, լուծված են բոլոր խնդիրները, և մարզիկներից միայն մի բան է պահանջվում` մտնել ռինգ ու հաղթել: Միջազգային ֆեդերացիայի նախագահ պրն Վուն այժմ Բաքվում է և սպասում է հայաստանյան պատվիրակությանը: Աշխարհի առաջիկա առաջնությունը նաև վարկանշային մրցաշար է, և մենք Ադրբեջանում պետք է պայքարենք հաղթանակի ու վարկանշային միավորներ վաստակելու համար` 2010 թ. Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին Օլիմպիական խաղերին հնարավորինս մեծ պատվիրակությամբ մասնակցելու համար: Առաջին անգամը չէ, որ Բաքու ենք մեկնում: 2007 թ. ըմբշամարտիկները հանդես են եկել այնտեղ ու կարողացել են բարձր պահել հայ ազգի պատիվը: Այն ժամանակ Բաքվում հայկական դրոշը բարձրացվեց: Ով կարողանա հաղթել Բաքվում և չեմպիոն հռչակվել, պատմություն է կերտելու: Վերադարձից հետո հաղթանակներ տոնած բռնցքամարտիկներն անպայման կպարգևատրվեն ըստ արժանվույն, որովհետև ապացուցած կլինեն, որ նվիրված են իրենց երկրին ու ժողովրդին»:

No comments: