Wednesday, April 7, 2010

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ “ՄԻԱՄՍՅԱԿԸ”

«Լրագիր» 7-4-2010- Կանանց “միամսյակը” Հայաստանում քաղաքական առումով նրբագեղ ավարտ ունեցավ: Ապրիլի 6-ին, ընդդիմության հերթական հանրահավաքի օրը քաղաքական կյանքը Հայաստանում վեր էր ածվել “իդիլիայի”` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիայի համաժողով, քաղաքավարության եւ հանդուրժողության խորհրդանիշ դարձած ոստիկանություն, ընդդիմության բազմամարդ հանրահավաք, հանրահավաքի ընթացքում ոստիկանության գրեթե բացակայություն, արտասահմանցի իրավապաշտպանների միացում հանրահավաքի մասնակիցներին, ողջույնի ելույթներ աշխարհի տարբեր լեզուներով, ընդդիմության բազմամարդ երթ, որի ընթացքում ոստիկանները քիչ է մնում կանաչ գորգ փռեն ընդդիմության ճանապարհին եւ երթը ուղեկցեն ծաղիկներով: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովի մասնակիցների բուռն միացումը Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին, մի կողմից դարձավ իշխանության հերթական ֆիասկոյի արտահայտություն, բայց մյուս կողմից էլ իշխանությունը նրանց փորձեց ցույց տալ, որ Հայաստանում ընդդիմությունն ազատ է թե հանրահավաք, թե երթ անցկացնել, իսկ դրան կարող է միանալ ցանկացածը` նույնիսկ արտասահմանից: Թատրոննն ու իրականությունն ապրիլի 6-ին այնքան մոտ էին “քայլում” կողք-կողքի, որ ավելի մոտ անկարող էր պատկերացնել ամենահմուտ դրամատուրգն անգամ: Ու ինչ: Այդ ամենը թերեւս տալիս է մի քանի եզրակացություն անելու տեղիք: Նախ, ապրիլի 6-ի հանրահավաքը ցույց տվեց, որ թեեւ ընդդիմության մարտավարության հարաբերական հանդարտությանը, այդուհանդերձ անհրաժեշտ դեպքում միշտ էլ հնարավոր է գտնել հասարակությանն աշխուժացնելու ունակ տեխնոլոգիաներ, եթե երկրի ներքին կյանքում հասարակությանը հուզող որեւէ հիմնարար խնդիր ոչ միայն լուծված չէ, այլ նաեւ այդ խնդիրներն ավելի են խորանում: Փաստացի, Հայ Ազգային կոնգրեսն ապրիլի 6-ի հանրահավաքում իրականացրեց այդօրինակ տեխնոլոգիայի “պիլոտային” դրսեւորում` մեսիջ հղելով թե իշխանությանը, թե այն հասարակական-քաղաքական շրջանակներին, ովքեր հավակնում են Հայաստանում ձեւավորել նոր ընդդիմություն: Իշխանությանն ուղղված մեսիջը թերեւս այն էր, որ պետք չէ ամենեւին հույս դնել այն հանգամանքի վրա, որ հասարակությունը կարող է հոգնել ու հիասթափվել ընդդիմության գործունեության անարդյունավետությունից եւ այդպիսով ընկնել ապատիայի հերթական փուլի մեջ: Եթե իշխանությունը չի լուծում հասարակությանը հուզող հիմնախնդիրները կամ չի դրսեւորում դրանք լուծելու գործնական պատրաստակամություն, ապա հասարակությանը միշտ էլ հնարավոր է հանել ապատիայից: Հասարակական-քաղաքական այն շրջանակներին, որոնք հայտարարում են նոր որակի, նոր գաղափարների եւ արժեքների կրող ընդդիմություն ձեւավորելու անհրաժեշտության մասին, Հայ ազգային կոնգրեսի “մեսիջը” թերեւս հուշում է, որ այդ ցանկությունները կամ մտադրություններն իրականություն դարձնելու համար լավագույն ճանապարհը Հայ Ազգային Կոնգրեսի “մահվան” մասին ավետելը չէ: Բանն այն է, որ եթե Կոնգրեսը “մեռած” է` ուրեմն “մեռած” է, այլեւս կարիք չկա այդ մասին ավետելու, իսկ եթե “մեռած” չէ, ապա ինչքան ուզում ես ավետիր այդ մասին` միեւնույն է, Կոնգրեսը պահելու է իր դիրքերը, քանի դեռ երկրում չկա հասարակության խնդիրները լուծելու ունակ եւ ցանկություն ունեցող իշխանություն, եւ քանի դեռ չկա նաեւ կոնկրետ գործի ունակ ընդդիմադիր այլ քաղաքական ուժ կամ շարժում: Միեւնույն ժամանակ, ապրիլի 6-ի հանրահավաքից բխող մյուս եզրակացությունը թերեւս այն է, որ ընդդիմությունը որդեգրել է “չխառնվելու” քաղաքականություն եւ առավելապես ապավինում է արտաքին հարթությունում իշխանության համար անբարենպաստ զարգացումների եւ ներիշխանական հակասությունների սրման միջոցով քաղաքական հաջողության պահը որսալուն: Դրանից բխում է, որ եթե իշխանությունը կարողացավ արտաքին հարցերում խուսափել կրիտիկական զարգացումներից, իսկ ներքին կյանքում էլ կարողացավ լուծել իշխանական խմբերի միջեւ առկա հակասությունների հետագա էսկալացիա թույլ չտալու հարցը, ապա ընդդիմությանն այլեւս անելու բան չի մնում, քան ընդամենը հոգ տանել, որ գոնե ընդդիմադիր դաշտում սեփական տեղն ու դերը չնվազի: Թեեւ, միեւնույն ժամանակ, երբ երկիրը թեւակոխի հերթական ընտրական շրջան, ապա երկրի ներքին հարցերը անխուսափելիորեն գալու են առաջնային պլան, ինչքան էլ որ փորձ արվի դրանք շեղել արտաքին “օբյեկտներով”: Իսկ այդ պարագայում արդեն ընդդիմության ալիքը ինքնաբերաբար հզորանալու է: Հետեւաբար,ակնհայտ է, որ Կոնգրեսը լուծելով նվազագույն խնդիրը` պահել դոմինանտությունն ընդդիմադիր դաշտում, իր համար միշտ բաց է պահում ընտրական փուլերում առավելագույն խնդիր դնելու եւ իրագործելու հնարավորությունը, ելնելով այդ իրավիճակներում առաջացող օբյեկտիվ հանգամանքներից: Բայց, ակնհայտ է նաեւ, որ Հայաստանում ընդդիմությունը` այդ թվում եւ ներկայիս ընդդիմությունը, իր համար բաց դռներից միշտ էլ ներս է մտել այնքան, ինչքան թույլ է տվել իշխանությունը: Մյուս կողմից, սակայն, թեեւ դերակատարներն ընդհանուր հաշվով մնում են նույնը, այդուհանդերձ փոխվում են ժամանակը եւ հանգամանքները, եւ սովորականը մի ակնթարթում դառնում է անսովոր, եւ սպասելին միանգամից վերածվում է անակնկալի: Ապրիլի 6-ը թերեւս դրա մասին է վկայում, եւ վերջն էր միայն կանանց “միամսյակի”, իսկ մնացյալ ամեն ինչ կարծես թե դեռ շարունակվում է: Ու թերեւս ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական ապագայով, ընդհանրապես Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր շրջանակներն առաջնորդվեն հենց այդ` շարունակության զգացումով, ոչ թե վերջի: Այսինքն, ժամանակն է, որ քաղաքական մտածողությունը կառուցվի ոչ թե այս կամ այն ուժի “վերջանալու” կանխավարկածի վրա, այլ բխի այն մտայնությունից, որ քաղաքականության մեջ չկա վերջ, այլ այն շարունակական գործընթաց է, որում հաջողության գրավականը ոչ թե “ժամկետային” կատեգորիաներն են` “նոր”, “հին”, “սպառված”, եւ այլն, այլ պահին համարժեք լինելը: Հակառակը անցյալի ու ապագայի մասին խոհափիլիսոփայական դատողություններն են, որոնց հիբրիդն էլ դառնում է միշտ ներկա իրականությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: