Tert.am. 7-4-2010- «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կստորագրի ղարաբաղյան խնդրի կարգավորման համար առաջարկված փաստաթուղթը։ Սերժ Սարգսյանը ընդհանրապես պետք է խուսափի ազատագրված տարածքների հետ կապված որևէ հիմնավոր փաստաթուղթ ստորագրելուց։ Այս առումով ես համաձայն չեմ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ»,– Tert.am–ին ասաց ԼՂ հատուկ գումարտակի նախկին հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի երեկվա ելույթում հնչած այն կանխատեսումը, թե նախագահ Սարգսյանը ստորագրելու է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար առաջարկված համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանը երեկվա իր ելույթում հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը, հետևաբար, կանգնած է դժվարին, եթե ոչ ճակատագրական երկընտրանքի առջև՝ կա՛մ ստորագրել առաջարկված համաձայնագիրը, դրանով հարուցելով սեփական ժողովրդի ցասումը, կա՛մ՝ ժամանակ շահելու համար մերժել այն՝ դրանով էլ գրգռելով միջազգային հանրությանը, իր բոլոր կանխատեսելի բացասական հետևանքներով։ Թեև այլընտրանքների արդյունքը, ինչպես նշեցինք, նույնն է լինելու, այսինքն՝ իշխանության անխուսափելի կորուստը, սակայն Սերժ Սարգսյանն, իմ կարծիքով, ընտրելու է ոչ թե մերժման, այլ ստորագրման տարբերակը և շուտով, կամա թե ակամա, սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձևով պահանջված հինգ շրջանները»։
«Մեր երկրում կան այնքան մարդիկ, որոնց գոյությունը սպառնում է զիջողական մտածողություն ունեցող գործիչներին»,– ավելացրեց Ժիրայր Սեֆիլյանը։ Նրա կարծիքով՝ այսօր ԼՂ կարգավորման համար որևէ երկիր չի աշխատում, պարզապես ղարաբաղյան հակամարտությունն օգտագործվում է կողմերին ճնշելու համար։
«Նպատակը ոչ թե կոնֆլիկտի լուծումն է, այլ կողմերին ճնշելը»,– ընդգծեց Ժիրայր Սեֆիլյանը։
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment