Aysor.am. 24-4-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը մոտ օրերս ուղևորվելու է Իրան` Թեհրանից ԱՄՆ-ի դեմ աջակցություն ստանալու համար: «Բիզիմ յոլը» հայտնել է, որ այցը կյանքի է կոչվում Իրանի ղեկավարության նախաձեռնությամբ, և որ հանդիպումների օրակարգում տարածաշրջանում իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին հարցերն են դրված:
Սակայն «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, Ռ.Մեհդիևի Իրան այցն այլ նպատակներ է հետապնդում: Ներիշխանական աղբյուրներիից արտահոսած տեղեկութունների համաձայն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի Իրան այցի գլխավոր նպատակը ներկայիս բարդ իրավիճակում պաշտոնական Թեհրանի ճնշումները մինիմումի հասցնելն է: «Մի քանի օր առաջ Իրանի խորհրդարանում ընդգծվել է, որ Ադրբեջանում Իսրայելի ամրապնդումը լուրջ վտանգ է Իրանի համար: Հնարավոր է` այդ հարցի հետ կապված Իրանն ինչ-որ ուղերձ է հղել Բաքվին և ներկա իրավիճակում Ադրբեջանից պահանջել հստակ դիրքորոշում ցուցաբերել: Պաշտոնական Բաքուն էլ զգուշանում է ներկա իրավիճակում որոշակի կարծիք արտահայտելուց, քանի որ Իրանի նկատմամբ Բաքվի դիրքորոշումը հստակեցվելու դեպքում Ադրբեջանը կկանգնի Թեհրանի, հակառակ դեպքում էլ` Արևմուտքի լուրջ ճնշումների առաջ: Առանց այն էլ Ադրբեջանի իշխանության ներկայիս վիճակը նախանձելի չէ»,- կարծիք է հայտնել թերթը:
Տեղեկությունների համաձայն, Իրանի իրավասուների հետ հանդիպումներում Ռ.Մեհդիևը կխոստանա նրանց, որ հնարավոր պատերազմի ժամանակ Ադրբեջանը մարդասիրական օգնություն կցուցաբերի այդ երկրին, կբացի իր սահմանները փախստականների առաջ, իսկ դրա դիմաց կխնդրի, որ դիրքորոշման հարցում Թեհրանը Բաքվին փակուղի չտանի:
Ասվում է նաև, որ այցի մյուս նպատակն էլ հակաամերիկյան արշավում Իրանից օգնություն խնդրելն է: Այդ հարցում Ռ.Մեհդիևը Իրանից կխնդրի օգտվել Ադրբեջանում գտնվող որոշ սոցիալական խմբերի վրա ունեցած իր ազդեցությունից:
Թեհրանի հետ կապված Ալիևի ակնկալիքների առնչությամբ քաղաքագետ Էլդար Նամազովը կարծիք է հայտնել, որ Ռ.Մեհդիևը, ամենայն հավանականությամբ, Իրանից կխնդրի փակել Հայաստանի հետ սահմանը` տնտեսությունը շնչահեղձ անելու միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Երևանին զիջումների մղելու համար:
Saturday, April 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment