Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան զուգահեռներ է անցկացրել է Լևոն Գուլյանի և Վահան Խալաֆյանի մահերի միջև։ «Մեր իրավական համակարգը վատ իմաստով կայուն է: Լևոն Գուլյանի մահը հանգեցրեց Վահան Խալաֆյանի մահվան: Հիմա մենք այստեղ նստած ենք, սակայն չի բացառվում, որ ոստիկանական որևէ բաժանամունքում ինչ-որ մեկը խոշտանգումների է ենթարկվում»,-ասել է իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ 3 տարի առաջ այս օրը, որպես վկա, Լևոն Գուլյանը հարցաքննման նպատակով բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Քիչ անց նա մահացել էր ոստիկանության բակում։ Ոստիկանները դա ներկայացրել էին որպես դժբախտ պատահար՝ իբր թե Գուլյանը փորձել է փախչել ոստիկանության շենքից և վայր է ընկել։ Սակայն դեպքի առնչությամբ Երևան քաղաքի դատախազությունը քրեական գործ էր հարուցել' ինքնասպանության հասցնելու հոդվածով՝ Գուլյանը չդիմանալով ծեծին, իրեն գցել է պատուհանից։ Մինչև օրս այս գործով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Ավետիք Իշխանյանն համոզմունք է հայտնել, որ անպատժելիության մթնոլորտը նպաստում է նմանօրինակ դեպքերի ի հայտ գալուն: Իսկ հասարակությունը տեղի ունեցածի վերաբերյալ միշտ չէ, որ բարձրաձայնում է, քանի որ վախենում են ոստիկաններից:
Հելսինկյան կոմիտեի նախագահը փաստել է, որ Հայաստանում խոշտանգումների համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Այնինչ 1990-ականներից Հայաստանի ոստիկանական բաժանմունքներում խոշտանգվել ու սպանվել է 10-ից ավելի մարդ:
Իսկ Լևոն Գուլյանի մահվան 3-րդ տարելիցի կապակցությամբ այսօր դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել և իշխանություններին են դիմել Հելսինկյան կոմիտեն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Wednesday, May 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment