Friday, May 21, 2010

ԹՈՒՐՔԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԻՐԱՆԻ` ՀԱՆՈՒՆ «ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ»

«ԱԶԳ», 21-05-2010- «Մեծ Հայաստան», «Միացյալ Հայաստան», այս բառակապակցություններին ադրբեջանական լրատվական, ավելի ճիշտՙ քարոզչական կայքերը մեծ տեղ են տալիս, ընդ որում` հեգնանքի մեծ տոնայնությամբ: Սակայն եթե մեծ ու միացյալ Հայաստանը պատմական եղելություն է, ապա մեծ Թուրանը` ընդամենը գերնպատակ` Փոքր Ասիայում թուրքական ցեղերի հայտնվելու հենց առաջին օրերից պահպանվող: Խոսելով սեփական «տարածքային ամբողջականության» մասին` Ադրբեջանը խախտում է (համենայն դեպս հայտարարություններով եւ ներքին լարումներով - Հ. Ա.) հարեւան Իրանի տարածքային ամբողջականությունը: Մեր թերթը անդրադարձել է նրան, որ Իրանի հյուսիսը համարվում է «բուն ադրբեջանական տարածք», եւ այնտեղ ապրող թուրքալեզու, սակայն ադրբեջանցիների հետ որեւէ ցեղական կապ չունեցող բնակչության շրջանում տարվում է ակտիվ քարոզչություն` միանալու Ադրբեջանին: Օրերս իրանական «թաբքնաք.իր» կայքը հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ Հյուսիսային Իրանի Արդեբիլ, Արեւելյան Ազերբայջան, Արեւմտյան Ազերբայջան (ինչպես Ադրբեջանում են անվանում իրանական նահանգները - Հ. Ա.) նահանգներում կազմակերպվում են իրավիճակը ապակայունացնելու գործողություններ, «որոնք հովանավորվում են պետականորեն»: Ավելին. «Միացյալ Ադրբեջան» գաղափարը ոգեւորել է նաեւ եղբայր Թուրքիային: Այսպես, ըստ «Հարավային Ադրբեջան» հեռուստաալիքի «գյունազ.թիվի» կայքի, մայիսի 22-ին Անկարայում ապրող իրանցի «ադրբեջանցիներին» կոչ է արվում` «Հանուն միացյալ Ադրբեջանի», «Ոչ պարսիկների հակաթուրքական շովինիզմին» կարգախոսներով կազմակերպել բողոքի ցույց: Այս ամենը վկայում է միայն մի բան. «պանթուրքիզմը» կենդանի է մինչեւ օրս, որը լրջորեն կարող է վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որին «այդքան ձգտում է Անկարան»: Սրա մասին է վկայում նաեւ իրանական վերոհիշյալ «թաբքնաք.իր» կայքում տեղ գտած հրապարակումը: Ըստ այդմ մշակվել են «հատուկ գաղափարախոսություններ»` «մեծ Թուրան» ստեղծելու նպատակով: 1. Առաջացնել լեզվական հակասություններ իրանցի թյուրքալեզու ադրբեջանցիների շրջանում: 2. Քայլ առ քայլ քաղաքական ֆեդերալիզմի պահանջ ներկայացնել: 3. Առաջ քաշել էթնիկ ֆեդերալիզմի պահանջ: 4. Պատմական Ադրբեջանի անջատում Իրանից: 5. Միացում Ադրբեջանի հանրապետությանը: 6. Միավորված Ադրբեջանի միացումը Թուրքիային: 7. Պանթուրքական գաղափարախոսության հիմնական նպատակի իրագործում` մեծ Թուրանի ստեղծում: Ահա այսպես` Ղարաբաղը բնավ բուն հայկական տարածք չէ, այդպիսին չէ նույնիսկ մայրաքաղաք Երեւանը, մեծ եւ միավորված Հայաստանը «երբեք չի եղել», բայց թուրքերն ընդդեմ Իրանի` հանուն «մեծ Թուրանի»: Հ. ԱՖՅԱՆ

No comments: