Monday, May 24, 2010

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԼՂՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. - Երեկ Արցախում կայացել են հերթական խորհրդարանական ընտրությունները: Այդ առիթով տարբեր հայտարարություներ են եղել: Ո՞րն է Ձեր գնահատականը: Պատասխան. - Համաժողովրդական ազատ, արդար ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձևավորվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություններ` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ: Բոլոր նախորդ ընտրությունների նման մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացել են տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների դրական գնահատականներին` իրենց կազմակերպվածությամբ, իրական մրցակցությամբ, գործող օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանությամբ: Ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների և ժողովրդի հանձնառության մասին: ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հիմնախնդրի կարգավորման առաջարկություններում, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները: Միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով: Սույն ընտրություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն հերթական անգամ ապացուցեցին ազատ և անկախ ապրելու իրենց կամարտահայտման վճռականությունը:

No comments: