Thursday, May 20, 2010

Էրդողան-Պուտին-Օբամա հեռախոսազրույց Իրանի միջուկային խնդրի շուրջ

Tert.am. 20-5-2010- Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: HaberTurk-ի փոխանցմամբ` հեռախոսազրույցները տեղի են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Թայիփ Էրդողանը զանգահարել է նախ իր ռուս գործընկերոջը, ապա՝ ԱՄՆ նախագահին: Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են իրանական միջուկային խնդիրը, Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցները և օրեր առաջ Թեհրանի, Անկարայի և Բրազիլիայի միջև ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման մասին պայմանագիրը: «Իրանի հետ ստորագրված համատեղ համաձայնագիրը երկխոսության և դիվանագիտության հաղթանակ է: Ընձեռված այս հնարավորությունից կարելի է օգուտ քաղել: Հարցը (Իրանի միջուկային խնդիրը,- Tert.am) պետք է լուծել երկխոսության ճանապարհով»,- Պուտինի հետ հարցազրույցում հայտարարել է Թայիփ Էրդողանը: ՌԴ վարչապետը պատասխանել է. «Թուրքիայի ջանքերը լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում: Դա անպայման հաշվի կառնենք»: Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցում Թայիփ Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Մեր տարածաշրջանում դեմ ենք միջուկային զենքի առկայությանը: Ձեռք բերված համաձայնագիրը փոխադարձ վստահության մթնոլորտի զարգացման տեսանկյունից կարևոր քայլ է: Թուրքիան և Միացյալ Նահանգները, որպես ռազմավարական գործընկերներ և բարեկամներ, միմյանց պետք է վստահեն և աջակցեն»: Իր հերթին, Բարաք Օբաման ընդգծել է, որ Իրանը պետք է կատարի միջազգային պարտավորությունները, հակառակ դեպքում, Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներն անխուսափելի են լինելու: Հիշեցնենք, որ երեկ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ նոր նախագիծը ամերիկյան պատվիրակությունը ներկայացրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Չինաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցում:

No comments: