Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17–20-ն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Առաջին հանդիպումը կայացել է Կանցլերի գրասենյակում` հետախուզական ծառայությունների համակարգող Հանս Վորբեքի հետ: Քնարկվել են այս ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները:
Արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության հանձնակատար Մինխտ Էբեռհարդ Փոլի հետ քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մինխտ Էբեռհարդ Փոլի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ:
Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ներքին գործերի, պաշտպանության պետքարտուղարների հետ անցել են փոխըմբռնման մթնոլորտում: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ հայ-գերմանական համագործակցությունը պաշտպանության ոլորտում բարձր մակարդակի է հասել: Պաշտպանության պետքարտուղար Թոմաս Կոսենդեյը բարձր է գնահատել հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյում և Աֆղանստանում:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի զինված ուժերում խորքային բարեփոխումներ են իրականացվում, և Հայաստանի համար խիստ կարևոր է Գերմանիայի փորձի ուսումնասիրումը: Քննարկվել են ռազմական կրթության, ռազմաբժշկական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Ներքին գործերի նախարարության և Դաշնային ոստիկանության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը երկու երկրների արտակարգ իրավիճակների և ոստիկանության մարմինների միջև: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրով Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում նաև ոստիկանության համակարգում, և այս ոլորտում Գերմանիայի փորձի ուսումնասիրությունն օգտակար կլինի հայկական կողմի համար: Կարևորվել է իրավապայմանագրային բազայի ստեղծումը, որն ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցությունը: Առաջիկայում կստորագրվի համագործակցության համաձայնագիր Գերմանիայի և Հայաստանի ոստիկանության մարմինների միջև:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ, ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը Հայաստանի և Գերմանիայի միջև:
Այցի ավարտին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում կայացել է Արթուր Բաղդասարյանի «Անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով շնորհանդես, որին մասնակցել են Գերմանիայի արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, գիտական, քաղաքական, փորձագիտական դաշտի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների տեսլականը, պատասխանել ներկաներին հուզող բոլոր հարցերին: Գերմանական կողմը բարձր է գնահատել բարեփոխումների հիմնական ուղղությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել իրականացվող բարեփոխումներին:
Տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից։
Thursday, May 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment