Saturday, May 22, 2010

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Այս պահին չեմ կարող ասել, թե աջակցում եմ Դավութօղլուի առաջարկին

Panorama.am. 22-5-2010- «Սոմալիի գիտաժողովին» մասնակցելու նպատակով Ստամբուլ ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կլոր սեղանի շուրջ հանդիպել է մի խումբ թուրք լրագրողների հետ: Հանդիպման ժամանակ Պան Գի Մունը դրվատանքի խոսքեր է ասել Անկարայի հասցեին Իսրայելի ու Սիրիայի միջև միջնորդական առաքելությամբ հանդես գալու և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ցուցաբերած ջանքերի համար: Լրագրողներից մեկը գլխավոր քարտուղարի կարծիքն է հարցրել նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտնած հետևյալ առաջարկի մասին: «Եթե աշխարհն իր սահմանները բացի երեք նավահանգիստներից եկող կիպրացի թուրքերի նավերի առջև, ապա դրա դիմաց Թուրքիան էլ պատրաստ է բոլոր նավահանգիստները բացել հունական նավերի առաջ»: Պան Գի Մունը նշել է, որ կիպրական խնդրի շուրջ ընթացող բանակցություններում արձանագրվել է զգալի առաջընթաց: Նրա համոզմամբ` քաղաքական կամքի դրսևորման պարագայում հիմնախնդիրը կարող է լուծվել: Թուրք լրագրողը վերաշարադրելով հարցը փորձել է պարզել` արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնում Դավութօղլուի հիշյալ առաջարկին, քանի որ այն հասցեագրված էր ոչ միայն Եվրամիությանը, այլ ողջ աշխարհին, հետևաբար և` ՄԱԿ-ին: «Որևէ գնահատական տալու համար անհրաժեշտ է, որ ծանոթանամ որոշ մանրամասների: Այս պահին չեմ կարող ասել, թե աջակցում եմ այդ առաջարկին»,- ասել է Պան Գի Մունը: Նրա օգնականն էլ միջամտել է, թե. «Այդ կապակցությամբ մենք որևէ մեկնաբանություն չենք անի, քանի որ դա ՄԱԿ-ի խնդիրը չէ: ՄԱԿ-ն այս հարցում կողմ չի հանդիսանում»:

No comments: