Tuesday, May 11, 2010

Մեդվեդևին Անկարայում սառը ցնցո՞ւղ է սպասում

Tert.am. 11-5-2010- Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` այսօր Թուրքիա կատարելիք այցից առաջ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որի համաձայն` Անկարայի և Մոսկվայի միջև Թուրքիայի տարածքում ատոմակայանի շինարարության վերաբերյալ պայամանագրի ստորագրումը հետաձգվում է: Թուրքական Enerjivadisi.com կայքէջի փոխանցմամբ` Թուրքիայի տարածքում ռուսների կողմից Akkuyu ատոմակայանի շինարարության հարցում որոշ տարաձայնություններ են առաջ եկել կողմերի միջև: «Տարաձայնությունները վերաբերում են շինարարության արժեքին և դրա գործարկման հետ կապված խնդիրներին: Այդ պատճառով Մեդվեդևի այցի ընթացքում հնարավոր չի լինելու ստորագրել ատոմակայանի հետ կապված պայմանագիրը: Հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են կողմերի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարությունների միջև»,- գրում է թուրքական կայքէջը: Իր հերթին թուրքական Milliyet օրաթերթն այդ տեղեկությունը որակել է որպես «սառը ցնցուղ Մեդվեդևի հսկայածավալ նախագծերի համար»: Հիշեցնենք, որ այսօր երեկոյան երկօրյա այցով Թուրքիա է ժամանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Թուրքական կողմի հետ հանդիպումների առանցքում էներգետիկ հարցերն են:

No comments: