Tert.am. 3-5-2010- Թեև Freedom House-ի մամուլի ազատության 2010թ. զեկույցի համաձայն՝ հայաստանյան մամուլի վիճակը 2 նիշով բարելավվել է, սակայն մեր երկիրը դեռ դասվում է անազատների շարքը: Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ այսօր հրավիրած ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը արձանագրեց, որ հայաստանյան հեռուստաընկերությունները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ: Ըստ նրա` հայ հասարակությունը հանդուրժող չէ քննադատության նկատմամբ, ինչի պատճառով էլ ավելանում են լրագրողների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերը: «Այս տարվա առաջին եռամսյակում 5 լրագրողների նկատմամբ է բռնություն կիրառվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3-ի փոխարեն»,- ընդգծեց Մելիքյանը:
Լրագրող, «Հետք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի խոսքով` լրագրողներն այսօր Հայաստանում ամենապաշտպանվածների թվում են, քանի որ իրենց նկատմամբ կիրառվող բռնությունների և անարդարությունների մասին գրելու հնարավորություն ունեն: Նույնը չի կարելի ասել սովորական քաղաքացիների մասին: Որպես ասվածի ապացույց՝ Բաղդասարյանը հիշեցրեց Չարենցավանի ոստիկանությունում վերջերս տեղի ունեցած ինքնասպանության դեպքը: Լրագրողի խոսքով` գրեթե բոլոր մարզերի ոստիկանական բաժանմունքներում են բերման ենթարկվածների նկատմամբ բռնություններ գործադրվում:
Էդիկ Բաղդասարյանը նաև գնահատականներ հնչեցրեց օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, որոնցով նախատեսվում է սահմանափակել մամուլի գործունեությունը և մեծ տուգանքներ սահմանել, այսպես կոչված, զրպարտություն տարածող լրատվամիջոցների նկատմամբ: «Օրենսդրական նախաձեռնությունը նախապատրաստում են հաջորդ ընտրությունների համար: Նախքան ընտրությունները մի քանի աղմկահարույց դատական գործեր կլինեն, որոնք սարքելն այդքան էլ դժվար չէ: Դրանով անկառավարելի լրատվամիջոցներին կառավարելի կդարձնեն»,- նշեց բանախոսը:
Բաղդասարյանի կարծիքով` Հայաստանում ինչ-որ բան փոխելու համար համակարգային փոփոխություններ են պետք. «Եթե երկրում ազատ ընտրություններ չկան, ոչինչ լինել չի կարող»: Նրա կանխատեսմամբ` ոչ առաջիկայում, ոչ էլ հետագայում դրական փոփոխություններ չեն նկատվի:
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment