Wednesday, May 12, 2010

Վերջին շրջանում Ղարաբաղի հարցում հուսադրող քայլեր են իրականացվել. Մեդվեդև

Tert.am. 12-5-2010- Մոսկվան ուշադիր հետևում և աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին, թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Մենք հետևում ենք այդ հարցում զարգացումներին: Այդ գործընթացը թափ հավաքեց Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրմամբ: Մենք կողմ ենք, որպեսզի գործընթացը շարունակվի: Դա հեշտ գործընթաց չէ: Հուսով եմ՝ կողմերն ի վերջո կհասնեն անհրաժեշտ համաձայնության: Մենք աջակցում ենք այդ գործընթացին և մինչև վերջ օգտագործելու ենք առկա հնարավորությունները»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Լրագրողներից մեկի` ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցին ի պատասխան` Մեդվեդևն ասել է. «Ղարաբաղյան հարցը միակ խնդիրը չէ Կովկասում: Վերջին շրջանում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ հուսադրող քայլեր են իրականացվել: Հարցի առնչությամբ քննարկումները շարունակվում են»: Իր հերթին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ «միավորել ջանքերը տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ»: Ասուլիսին նախագահները հայտարարել են նաև երկկողմ այցագրային ռեժիմի պարզեցման մասին։

No comments: