Մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդների` ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի նախագահ, Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի (Փարիզ և շրջակայք) տեղական տարածաշրջանային խորհրդի անդամ Ալեքսի Գյովջյանի և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի գլխավորությամբ:
Երիտասարդները ներկայացնում էին ՀԲԸՄ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Հայաստանի մասնաճյուղերը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ՀԲԸՄ նախաձեռնությունները, ձեռնարկներն ու ծրագրերը Սփյուռքում և Հայաստանում անուրանալի ներդրում են հայապահպանության ոլորտում: Նա բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի «Կորիզ» նախաձեռնությունը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանն ունի երիտասարդ պատգամավորներ, ովքեր բավական ակտիվ մասնակցում են օրենսդիր գործունեությանը: Մտադրություն կա նախաձեռնել նաեւ երիտասարդական խորհրդարան:
ԱԺ նախագահը երիտասարդներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, գործունեությունը, անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներին:
Ալեքսի Գյովջյանը նշեց, որ ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը ձգտում է իր ներդրումը կատարել Եվրամիություն- Հայաստան հարաբերություններում: «Կորիզ» ծրագրի նպատակն է միավորել տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդներին, ստեղծել ապագա հայ առաջնորդների համաշխարհային ամուր ցանց, կրթել և խորհուրդներով աջակցել նրանց, ներգրավել Հայաստանում և Եվրոպայում իրականացվող տարբեր ծրագրերում:
Հովիկ Աբրահամյանն առաջարկել է, որ ծրագրի մասնակից երիտասարդները ներկա լինեն խորհրդարանի նիստերին, այցելեն տարբեր գերատեսչություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment