Monday, May 24, 2010

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ

«Լրագիր» 24-5-2010- Թուրքական խոշոր նավերից մեկը Ստամբուլից դուրս է եկել Անթալիայի ուղղությամբ, որտեղ նրան կմիանան եւս երկու նավեր Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու համար: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ “բոլոր արաբական առաջնորդները պետք է հետեւեն թուրք ժողովրդի օրինակին եւ թիկունք կանգնեն պաղեստինյան պետությանը”: Պաղեստինյան ուղղությունը թուրքական նախաձեռնողական քաղաքականության վեկտորներից մեկն է, որ սկսվել է երկու տարի առաջ: Սակայն, ըստ ամենայնի, այդ ուղղություններից որեւէ մեկում Թուրքիան չի հասել հաջողության: “Առաջին” ուղղությունը Հայաստանի հետ հարաբերությունն էր, որը փակուղում հայտնվեց այն պատճառով, որ Թուրքիան մտադիր է բոլոր հարցերը լուծել միանգամից: Թուրքիան, չնայած ջանքերին, չի կարողանում “խցկվել” Ղարաբաղի հարցի բանակցային ձեւաչափի մեջ: Անկարայի մյուս նախաձեռնություններն էլ այդքան հաջող չեն: Կիպրոսի Հանրապետությունն այսօր մերժել է Անկարայի առաջարկը կիպրական նավերին եւ օդանավերին թուրքական նավահանգիստներ եւ օդանավակայաններ մուտքի թույլտվություն տալու կապակցությամբ, ինչի փոխարեն Անկարան ակնկալում էր Կիրենիի եւ Ֆամագուստի նավահանգիստների եւ Էրկանի օդանավակայանի բացումը միջազգային առեւտրի համար, Կիպրոսի Թուրքիայի օկուպացրած մասում: Այսինքն, կիպրական ուղղությամբ էլ Թուրքիայի համար չկա որեւէ լավ բան: Անկարայի ակտիվում գրանցված “հաղթանակը” Իրանի միջուկային խնդրի ուղղությամբ նույնպես չի հաշվվել: Անկարայի միջնորդությամբ Իրանը համաձայնեց իր ուրանը հարստացնել Թուրքիայում, բայց ԱՄՆ չհավատաց Անկարայի եւ Թեհրանի անկեղծությանը: ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հերթական պատժամիջոցներն է կիրառում Իրանի դեմ, եւ դրանք կարող են “թաղել” Թուրքիայի հետ համաձայնությունը: Բացի այդ, այդքան էլ հաջող չստացվեց Դմիտրի Մեդվեդեւի այցն Անկարա: 25 երկկողմ համաձայնագրերից, որոնք պատրաստվել էին ստորագրության, անցան միայն 17-ը: Դրանցում բացակայում էին կարեւոր պայմանագրեր, որ կանաչ լույս էին տալու Գազպրոմի աջակցությամբ “Հարավային Հոսք” եւ “Երկնագույն հոսք-2” խողովակաշարերի անցկացմանը, որով նախատեսվում է ռուսական գազը Սեւ ծովի հատակով հասցնել Բուլղարիա, իսկ հետո նաեւ Եվրոպայի երկրներ: Միեւնույն ժամանակ, անցյալ ամիս Վաշինգտոնում կայացավ քրդական “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” կուսակցության ներկայացուցչության բացումը: “Քրդական հարցը հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ խնդիրը: Քրդական հարցը միայն Միջին Արեւելքի ժողովուրդներից մեկի հարց չէ, այժմ այն դարձել է միջազգային հարց”, ասել է Դեմիթաշը: Քուրդ առաջնորդները Վաշինգտոնում էին գտնվում ԱՄՆ վերլուծական կենտրոնների հրավերով: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: