Monday, May 24, 2010

Ղարաբաղն ապացուցում է, որ բարձր մակարդակի ժողովրդավարական երկիր է

Tert.am. 23-5-2010- «Ղարաբաղում ընտրությունները շատ լավ են անցնում, կարծես Արցախում տոն լինի»,- այսօր Արցախում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքն այսպես բնորոշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Ղարաբաղից Tert.am-ի հետ հեռախոսազրույցում` ընդգծելով, որ Արցախի բնակիչները մեծ ակտիվությամբ են մասնակցում ընտրություններին: Ղարաբաղում այսօր ընթացող խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի խորհրդարանից պատգամավորական պատվիրակություն է երեկ մեկնել Լեռնային Ղարաբաղ, որը ղեկավարում է Էդուարդ Շարմազանովը: Դիտորդական խմբի կազմում ներկայացուցիչներ կան ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններից՝ ՀՀԿ-ից Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Հակոբ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Գագիկ Գևորգյանը, ԲՀԿ-ից Արամ Սաֆարյանը, ՕԵԿ-ից Արծրունի Աղաջանյանը և «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը: Դիտորդական առաքելությունն իրականացնող ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն արդեն եղել է մոտ մեկ տասնյակ ընտրատարածքներում: Խումբն աշխատում է մի քանի ուղղություններով՝ Ստեփանակերտ-Շուշի, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ-Ասկերան: Հայաստանյան պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ արցախյան ընտրություններն անցնում են բարձր տրամադրությամբ, գրեթե բոլոր ընտրատարածքներում երգ-երաժշտություն է: Ընտրություններին ներկա են հարյուրից ավելի միջազգային դիտորդներ, այդ թվում՝ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Սլովակիայից, Կանադայից և այլ երկրներից: «Ամեն ինչ շատ լավ է անցնում. Ղարաբաղն ապացուցում է, որ ինքը բարձր մակարդակի ժողովրդավարական երկիր է»,- ասաց Շարմազանովը:

No comments: