Wednesday, May 12, 2010

Ահարոն Ադիբեկյանը հանդես է եկել ԼՂ խնդրի լուծման օրիգինալ առաջարկությամբ

Tert.am. 12-5-2010- Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօրվա ասուլիսի համար ընտրել էր «Ղարաբաղյան հիմնահարցի միակ հնարավոր լուծումը հայ-թուրքական կարգավորման շրջանակում» թեման և եկել էր ներկայացնելու իր յուրօրինակ առաջարկությունը: Ադիբեկյանը Հայաստանին առաջարկում է անհապաղ դուրս գալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացից: «Դրա համար կան բավական լուրջ պատճառներ: Մենք չենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը, հետևաբար նա մնում է Ադրբեջանի կազմում: Բախումը, որը գոյություն ունի, ադրբեջանցիների ներքին խնդիրն է, այսինքն` կստացվի, որ Բաքվի թաթարներն ու հայերը չեն կարողանում նույն պետության մեջ գոյատևել: Կստացվի, որ Ղարաբաղն իր շարժումով հանդես է եկել որպես էթնիկական բախման կողմ»,- բացատրեց Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով` կրելով պարտություն և ստորագրելով հրադադարի համաձայնագիր` Բաքվի թաթարները դրանով իսկ ընդունել են ղարաբաղահայությանը որպես ռազմական բախման կողմ և պետք է նրա հետ բանակցելու միջոցով լուծում գտնեին: Այն, որ Հայաստանը հրադադարի համաձայնագիր է ստորագրել և որպես Ղարաբաղի փաստաբան է հանդես գալիս, Ադիբեկյանը մեծամիտ և անհեռանկար քայլ է դիտարկում: Դա, ըստ նրա, թույլ տվեց բախումը որակել որպես ղարաբաղյան հարցի շուրջ հայ-ադրբեջանական բախում, և կիրառման մեջ դրվեցին Հայաստանին վերագրվող «ագրեսոր», «օկուպանտ», «միջազգային նորմերն անտեսող» և այլ պիտակներ: Ադիբեկյանի առաջարկով` Հայաստանը պետք է ընդամենը երաշխավոր լինի առ այն, որ հիմնախնդրի լուծումը կլինի խաղաղ և պատերազմ չի վերսկսվի: Դա, բանախոսի վստահեցմամբ, ավելի կհեշտացնի բանակցային գործընթացը: «Համարեցին, որ Ղարաբաղն ունակ չէ միջազգային քաղաքական դաշտում իր իրավունքները պաշտպանել, և այդ առաքելությունը Հայաստանը վերցրեց իր վրա: Այն, որ Ադրբեջանը շաբաթական մի քանի անգամ սպառնում է պատերազմով, մեծացնում է Հայաստանի` այդ տարածքներում զորքեր պահելու բարոյական հիմքերը: Եթե մենք դուրս գանք բանակցային գործընթացից, Թուրքիան չի կարող մեզ ասել` լուծի Ղարաբաղի հարցը, որ սահմանը բացեմ: Ղարաբաղի հարցը ղարաբաղցին պետք է լուծի»,- նշեց Ադիբեկյանը: Ըստ նրա` Ղարաբաղում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ ղարաբաղցին ուզում է ազատ ու անկախ ապրել: Ղարաբաղում Հայաստանին միանալու ցանկություն ունեցողների թիվն էլ կրճատվել է: Հետևաբար, Ադիբեկյանի խոսքով, Հայաստանը պետք է այդ հարցում աջակցի Ղարաբաղին` դուրս գալով բանակցային գործընթացից: Սոցիոլոգը նաև ասաց, որ ոչ մի պետական գործչի մտքով լուծման նման տարբերակ չի անցել. «Եթե պարոն նախագահը խորհրդակցի բանիմաց խորհրդականների հետ, այս քաղաքականությունը կորդեգրեն»:

No comments: