Tert.am. 20-5-2010 - Երևան-Անկարա բանակցային սեղանին դրված է նոր փաստաթուղթ: Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ, Թուրք-ամերիկյան բարեկամության խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուն` ելույթ ունենալով Միացյալ Նահանգների Մերձավորարևելյան ինստիտուտում կազմակերպված «Թուրքիայի հարևանության քաղաքականությունը և Մերձավոր Արևելքը» խորագրով գիտաժողովին:
Տեղեկացնելով, թե Երևանի և Անկարայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ ժամանակ «լուռ մնալ» և քննարկել այն, ինչ առկա է «բանակցային սեղանին», նա հայտարարել է.
«Սեղանին բոլորովին այլ բան է դրված: Չեմ մանրամասնի, սակայն կասեմ` հրաշալի առաջարկություն է, և դրա ընդունվել-չընդունվելու հարցը հիմնականում կախված է հայկական կողմից»:
Քընըքլըօղլուն հայտարարել է նաև, որ ինքը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Որովհետև հավատում եմ, որ դա փոխելու է ողջ Հարավային Կովկասը»,- նշել է Քընըքլըօղլուն` ավելացնելով, որ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է հայերի և թուրքերի քաղաքական կամքի առկայության դեպքում, իսկ «արտաքին դերակատարների հարցին միջամտելու փորձերը ամենևին էլ չեն նպաստելու խնդիրների կարգավորմանը»:
Սուաթ Քընըքլըօղլուն, հայտարարել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացները «միմյանց սնող երկու զուգահեռ գործընթացներ են»:
Thursday, May 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment