Thursday, May 20, 2010

Հավաքեք ձեզ. Հրանտ Բագրատյանը՝ Արմեն Աշոտյանին և Նաիրա Զոհրաբյանին

Tert.am. 20-5-2010- ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հարցին և դժգոհեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ու ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ այդ կապակցությամբ հնչեցրած պարզաբանումներից։ «Ես կուզեի խոսքը կոպիտ ձևով շպրտել կրթության նախարարին և այդ կին պատգամավորին՝ ձեզ հավաքեք։ Լավ կրթություն ստանալու հարցում ձեզ լեզո՞ւն է խանգարում»,- ասաց Բագրատյանը։ Ըստ բանախոսի՝ այնպիսի տպավորություն է, որ վատ որակի կրթության մեղավորը հայոց լեզուն է։ Սակայն, միաժամանակ, նա նշեց, որ հայոց լեզուն իդեալական չէ, այն պետք է բարեփոխվի։ «Անելիք կա, բայց արժեքային ստատուսը բարձր է։ Լեզուն կեդանի օրգանիզմ է, պետք է անընդհատ զարգացնել այն»,- նկատեց Բագրատյանը։ Նրա խոսքով՝ այսօր հայոց լեզուն ուզում է, որ իրեն օգնության ձեռք մեկնեն. «Ասում է՝ օգնեք ինձ։ Գուցե ինչ-որ բաներ պետք է վերանայվեն, շատ է կոնսերվացված»։ Բագրատյանն առաջարկում է օտարալեզու դպրոցներ հիմնելու փոխարեն ընտրել մի քանի դպրոց, դրանցում խորացնել օտար լեզուների ուսուցումը, սակայն դպրոցը պետք է կոչվի հայկական։ Խոսելով ազգային արժեքներից՝ նախկին վարչապետը նշեց. «Ազգային պետք է լինի այն արժեքը, որը նաև համամարդկային է։ Եթե դու ստեղծել ես մի բան, որը պետք է սպառի նաև վրացին և ռուսը, այ դա արժեք է»։ Բագրատյանը նաև հիշեցրեց. «Խորովածը ազգային արժեք չէ, չնայած խոհանոցում որոշ բաներ կարող են ազգային արժեք համարվել»։

No comments: