Wednesday, May 12, 2010

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈ՞Ր Է

«Լրագիր» 12-5-2010- Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին Հյուրրիյեթ թերթը հոդված է հրապարակել ռուս-թուրքական մերձեցման վերաբերյալ, գրելով, թե դա վկայում է այն մասին, որ Անկարան իր արտաքին քաղաքականության վեկտորը աստիճանաբար Արեւմուտքից տեղափոխում է Արեւելք: Հոդվածագիրը հիշատակում է, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւի թուրքական այցելության ընթացքում ստորագրվելու են երկկողմ տնտեսական մի շարք միջկառավարական համաձայնագրեր, այդ թվում էներգետիկայի եւ տուրիզմի ոլորտում, մասնավորապես քաղաքացիների փոխայցելության համար վիզային ռեժիմի վերացման կապակցությամբ: Շեշտվում է նաեւ Թուրքիայում ռուսական ընկերությունների կողմից ատոմակայանի կառուցման հարցը: Միեւնույն ժամանակ, թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների Կենտրոնի փոխնախագահ Մուրատ Բիլհանը ասել է, որ հարեւանների հետ “զրո խնդիրների” քաղաքականությունը տալիս է իր արդյունքը, “բայց Հայաստանի հետ հարաբերության պարագայում դա չեղավ, եւ առաջացավ տարածաշրջանում հավատարիմ դաշնակից Ադրբեջանի մոտ վստահությունը կորցնելու վտանգ”: “Ռուսաստանը հասկացավ, որ առանց Թուրքիայի օժանդակության չի կարող իրականացնել էներգակիրների արտահանման նախագիծը, եւ դա ժամանակավոր գործընկերություն է, հիմնված շահերի վրա”, հայտարարել է Բիլհանը: Նրա խոսքով, Անկարան էլ հասկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերության կարեւորությունը Ասիայում իր քաղաքականությունն առաջ տանելու համար: “Այն, ինչ մենք այժմ տեսնում ենք Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերության հարցում, մեծապես ազդված է Եվրամիության քաղաքականությունից: Թուրքիան էներգետիկ միջանցքի վերածելու քաղաքականության հաջողությունը մեծապես կախված է Եվրոպայի դիրքորոշումից, իսկ վերջինս դեռ չի հստակեցրել իր առաջնահերթությունները, եւ այդպիսով, Թուրքիան որոշակի իմաստով կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից”, ասել է Բիլհանը:

No comments: