Wednesday, May 12, 2010

Չավուշօղլուն Երևանին խնդրելու է չփակել Հայաստան-Թուրքիա երկխոսության դռները. Sabah

Tert.am. 12-5-2010- Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուի հայաստանյան հանդիպումների շարքը, որի շրջանակում Չավուշօղլուն կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ Չավուշօղլուին կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Չավուշօղլուի երևանյան այցի կապակցությամբ շատ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում թուրքական Sabah օրաթերթը` գրելով, որ երևանյան հանդիպումների ընթացքում ԵԽԽՎ նախագահը քննարկելու է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ և Թուրքիայի իշխող կուսակցության՝ Անթալիայից պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը ներառող իր այցի ընթացքում փորձելու է ավելի ամրապնդել այդ երեք երկրների խորհրդարանականների կապերը ԵԽԽՎ–ի հետ։ Թուրքական պարբերականը գրում է նաև, որ Չավուշօղլուի ծրագրից հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող այցելությունը հանվել է պաշտոնական Երևանի կողմից: «Չավուշօղլուն, որի կովկասյան այցելությունն սկսվում է Հայաստանից, հրաժարվել է այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող և ծաղկեպսակ դնել զոհերի հիշատակին: Այդ առնչությամբ Երևանը Չավուշօղլուի համար կազմել է հատուկ ծրագիր` դրանից հանելով այցելությունը հուշակոթող: Սպասվում է, որ Երևանում Չավուշօղլուն կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և մի շարք հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Չավուշօղլուն Սարգսյանի և հայաստանյան այլ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հղելու է հետևյալ ուղերձը. «Թուրքիայի հետ ձեր հարաբերությունները շատ կարևոր են Կովկասում խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Մի փակեք երկխոսության ուղիները»: Չավուշօղլուն երևանյան այցելության շրջանակում քննարկելու է նաև ղարաբաղյան հիմնախնդիրը»,- եզրափակում է Sabah-ը:

No comments: