Friday, May 21, 2010

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆԸ` ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Հարավային Կովկասին նվիրված ԵԽ զեկույցը նշում է ԼՂ-ին օգնություն ցուցաբերելու մասին, սակայն պահանջում «հայկական ուժերի դուրսբերումը օկուպացված տարածքներից» «ԱԶԳ», 21-05-2010- Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններն առանձին գործընթացներ են, որ պետք է առաջանան իրենց ուրույն ճանապարհով: Միեւնույն ժամանակ, առաջընթացը մեկ գործընթացում կարող է պոտենցիալ առումով շատ դրական հետեւանքներ ունենալ տարածաշրջանում որպես ամբողջություն: Այսպիսի մեկնաբանություն է տեղ գտել երեկ Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի լիագումար նստաշրջանում ընդունված Հարավային Կովկասին նվիրված զեկույցում: Ըստ պաշտոնական տեղեկությունների, Եվրոմիությունը ողջունել է հայ-թուրքական արձանագրությունների նախաձեռնությունն ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը: Թերեւս ի գիտություն Թուրքիայի, զեկույցում, որի հեղինակը Եվգենի Կիրիլովն է, կոչ է արվում կողմերին շարունակել գործընթացը «արձանագրությունների վավերացման ու իրագործման միջոցով, առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա Եվրոխորհրդարանը զեկույցում ողջունելով բանակցային գործընթացն ու դրան ուղղված ջանքերը, իր աջակցությունն է շեշտում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Միեւնույն ժամանակ զեկուցյում մտահոգություն է արտահայտվում հակամարտության հետեւանքով փախստականների ու տեղահանված դարձածների խնդրի առնչությամբ, «այս առումով, պահանջում է հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Եվրոխորհրդարանը կոչ է անում կողմերին խուսափել սադրիչ քաղաքականությունից ու հռետորիկայից, հրահրիչ հայտարարություններ անելուց եւ պատմության առնչությամբ մեքենայություններից, հետամուտ է լինելու Հարավային Կովկասում կայունության եւ հակամարտությունների կարգավորման խրախուսման ռազմավարությանը: Զեկույցի 42-րդ կետում նշվում է, որ Եվրոմիությունն ընդգծում է ԵՄ ներդրման կարեւորությունը ղարաբաղյան հակամարտության հարցում, ուստի անխուսափելի է համարում «ԵՄ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահի մանդատի նորացման միջոցով»: Նույն կետով զեկույցը կոչ է անում Եվրոհանձնաժողովին ուսումնասիրել «Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, նաեւ տեղահանվածներին եւ փախստականներին մարդասիրական օգնություն եւ աջակցություն ցույց տալու հնարավորությունները»: Նաեւ Եվրոխորհրդարանը դիմում է Եվրոհանձնաժողովին եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին` քննարկելու Լեռնային Ղարաբաղում «օգնության եւ տեղեկատվության տարածման ծրագրերի հարցն այնպես, ինչպես Աբխազիայում եւ Հարավային Օսիայում»: Ղարաբաղին Եվրոմիության աջակցության հարցը այս զեկույցում ներառվել է հիմնականում Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի աշխատանքի շնորհիվ, որի մասին գրասենյակի ղեկավար Ալեքսի Գյովճյանը երկուշաբթի մանրամասներ կներկայացնի ՀԲԸՄ Երեւանում հրավիրվելիք ասուլիսում: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: