Thursday, May 20, 2010

Բանասիրական գիտությունների թեկնածու. «...ազգը նախ լեզվափոխ կլինի, հետո ընդհանրապես կվերանա»

7or.am. 20-5-2010- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը համոզված է, որ օտարալեզու դրպրոցներ բացելու որոշումը բխում է էլիտայի շահերից։ -Վերնախավի շահը պահանջում է բյուրեղացնել, կտրել հասարակությունը վերնախավից, վերնախավը՝ հասարակությունից, և ժառանգական համակարգ ստեղծել։ Սովետական Միության ժամանակ կոմսոմոլ կար, բարձրագույն պարտիական դպրոց և այլն։ Այդ համակարգը չի աշխատում, լակոտներն էլ գիշերային ակումբներից դուրս չեն գալիս, Օքսֆորդ կամ Հարվարդ վերնախավի ոչ մի ներկայացուցչի երեխա, չնայած փողն ունեն, չի գնում սովորելու։ Ի՞նչ անեն։ Ուրմեն պետք է մի արհեստական համակարգ ստեղծել, որտեղ ռամիկների երեխաները, որոնք խոսում են ռամիկների լեզվով, չեն կարողանա երբեք հասնել իշխանության,-«Ուրբաթ» ակուբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հ. Բալանյանը։ Բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Զաքարյանի խոսքերով էլ' Հայաստանում կրթական համակարգն ավերված է, և այդ ավերակի վրա հայտարարում են, թե օտար լեզվով բարձր մակարդակի կրթություն կհրամցնեն։ -Ժողովուրդը խաբվելու է, ստացվելու է, որ իրոք վերնախավային դպրոցներ են առաջանալու, հետո բոլորը բնազդաբար ձգտելու են այդ նույնին, և ի վերջո բոլոր դպրոցներն են վերածվելու օտարալեզվի։ Բայց վերնախավայինը մնալու է էլի վերնախավային։ Մնացած հայալեզու դպրոցներն աստիճանաբար կդառնան օտարալեզու, բայց ոչ վերնախավային, և ազգը նախ լեզվափոխ կլինի, հետո ընդհանրապես կվերանա,-նշել է լեզվաբանը։ Տառաստեղծ Ռուբեն Հակոբյանն (Թառումյան) էլ ավելացրել է, որ եթե մարդը փոխում է լեզուն, փոխում է իր ազգը։ Բոլոր 3 բանախոսներն էլ հստակեցրել են, որ իրենք կողմ են հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդմանը, բայց՝ մայրենիի հիման վրա։

No comments: