«Լրագիր» 20-5-2010- Այս կիրակի Ղարաբաղում տեղի կունենա նոր խորհրդարանի ընտրություն: Դրանց արդյունքը կարելի է կանխատեսել բացարձակ ճշգրտությամբ` ներկայիս պասիվ պատգամավորներին կփոխարինեն ուրիշները: Խորհրդարանի նիստերի դահլիճում մի քիչ կփոխվեն դեկորները, դեմքերը, հնարավոր է` ջուրը մի ամանից կլցվի մյուսը (Ժողովրդավարական կուսակցությունից մեծամասնությունը կանցնի Ազատ Հայրենիք կուսակցություն), մի քիչ կավելանա “ազգայնական երանգը” ի դեմս դաշնակցության եւ չի լինի միակ խոսող պատգամավորը` Գեղամ Բաղդասարյանը:
Խորհրդարանի էությունը դրանից դժվար թե փոխվի: Քանի որ Ղարաբաղի խորհրդարանի գլխավոր խնդիրը նրա պասիվությունն է: Պասիվությունը եւ նախաձեռնության բացակայությունը ներկայում բնորոշ է ղարաբաղյան հասարակության մեծամասնությանը, եւ խորհրդարանը ընդամենը դրա արտահայտությունն է: Սակայն հենց խորհրդարանը կարող էր դառնալ նախաձեռնության էպիկենտրոն, օջախ, թեկուզեւ տարածաշրջանի մակարդակով, քանի որ չկա այլ մարմին, որ օժտված լինի ավելի մեծ ուժով, քան խորհրդարանը: Եւ, չնայած չճանաչվածությանը, աշխարհում ոչ ոք չի կարող անտեսել ժողովրդի ընտրյալների կարծիքը:
Ղարաբաղի պասիվությունը հետեւանք է նրա իշխանության մեկուսացման քաղաքականության, որը աջակցվում է Հայաստանից: Երկար տարիներ համարվում էր, որ Ղարաբաղի իշխանության խնդիրը նրա ինքնաբավության ապահովումն է` տնտեսական ու սոցիալական, Հայաստանի ներքին գործերին չխառնվելը եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում վիրավորվածի եւ սպասողական կեցվածքը:
Ինչ որ փուլում մեկուսացման այս քաղաքականությունը (ձեր հավեսը չունենք, դուք էլ մեզնից ձեռք քաշեք) արդարացրել է: Սակայն լիակատար ինքնաբավությունը դեռ հեռու է` բյուջեի կեսից ավելին ստացվում է Հայաստանից, իսկ սոցիալական համակարգը վերականգնվում է Սփյուռքից ստացված միջոցներով: Սակայն, ամենակարեւորը, մեկուսացվածությունը հանգեցրել է մարգինալության, տարածաշրջանի իրադարձություններից ու նախագծերից Ղարաբաղի լիակատար բացակայության: Եւ դրա պատճառը ոչ այնքան Ադրբեջանի ու Թուրքիայի ձգտումն է` մեկուսացնել հայկական գործոնը, որքան որեւէ ցանկության բացակայությունը` լինել տարածաշրջանային գործոն եւ մեծ աշխարհի մի մասը: Ղարաբաղի ղեկավարներին ձեռնտու չէ ինտեգրումը խոշոր համակարգերին, քանի որ դա նոր մարտահրավերներ կբերի, նոր չափանիշներ, որոնց դեպքում նրանք անհամարժեք կլինեն: Բացի այդ, ինտեգրվելու մասին մտածելու համար անհրաժեշտ է գլոբալ մտածելու եւ… երազելու ընդունակություն: Թեկուզ տարածաշրջանի մակարդակով գլոբալ տեսլականը կարող է հուշել, թե ինչ կարող է առաջարկել Ղարաբաղն ընդհանուր համակարգի համար: Եւ եթե այդ առաջարկները գործուն լինեն, դժվար թե դրանցից հրաժարվեն: Եւ եթե նույնիսկ հրաժարվեն, Ղարաբաղի գործոնը կուժեղանա:
Ոչինչ եւ ոչ ոք չի խանգարում Ղարաբաղին նախաձեռնություն ցուցաբերել: Ոչինչ չի խանգարում առաջարկներ մշակել շահավետ էներգա-հաղորդակցական նախագծերի վերաբերյալ, որոնք կարող են անցնել Ղարաբաղով: Ոչինչ չի խանգարում Ղարաբաղի մի մասը հայտարարել օֆշորային գոտի, ներդրումներ ներգրավելու համար: Իսկ եթե խանգարում է, նշանակում է ինչ որ մեկին ձեռնտու չէ մեկուսացվածությունից Ղարաբաղի դուրս գալը:
Ղարաբաղի պասիվությունը սնում են ոչ միայն “պաշարված ամրոցի” սինդրոմը, այլեւ ազգային նեղ շրջանակները: Գլոբալիզմը հայկական իրականության մեջ չգիտես ինչու սահմանափակվում է ազգային շրջանակներում: Հայ ղեկավարների գլոբալ մտածողությունը հաճախ լռվում է Համահայկական բանկի, Հայ եկեղեցու դերի բարձրացման եւ օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու շուրջ: Կարծես մտքի ավելի լայն թռիչքի համար ոգին չի հերիքում: Այն բանի համար, որ հասկանանք, որ մենք ընդամենը աշխարհի մի մասն ենք, մենք յուրահատուկ ազգ չենք եւ չենք կարող մեկուսացված ապրել: Որպես աշխարհի մաս` մենք պետք է կատարենք մեր դերը: Եւ եթե այդ դերը մենք չառաջարկենք, այն մեզ կպարտադրեն ուրիշները:
Ո՞րն է լինելու Ղարաբաղի նոր խորհրդարանի առաջին նախաձեռնությունը:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Thursday, May 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment