Wednesday, May 26, 2010

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓԻՑ ՀԵՌՈՒ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ

«ԱԶԳ», 26-05-2010- Մայիսի 13-17-ը չեխական կողմի հրավերով Չեխիայի Հանրապետություն էր այցելել Ազգային ժողովի պատվիրակությունը: Հանդիպումների շրջանակը լայն էր, ընդունելությունը` բարձր մակարդակով, այսպես գնահատեցին այցը լրագրողների հետ հանդիպած ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը : Հանդիպումներ են եղել Չեխիայի Պատգամավորական կամ Ներկայացուցիչների պալատի ղեկավարության, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներում հայ խորհրդարանականները փորձել են փոխել չեխ գործընկերների պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, քանի որ Չեխիայում երեք տարի Ադրբեջանի դեսպանատուն կա, ադրբեջանական քարոզչությունը տեղ է արել չեխական շրջանակներում, եւ հայերիս համար այստեղ աշխատելու դաշտ կա: Ս. Նիկոյանը նշեց, թե, ցավոք, չի գործում հայ-չեխական բարեկամական խումբը, չեխական կողմը չի ստեղծել բարեկամական խումբ, Չեխիայում մենք չունենք դեսպանատուն, Հայաստանում էլ Չեխիան չունի , այդ իրավիճակում Ադրբեջանը բավականին կարողացել է այս վակուումը լավագույնս օգտագործել իր համար. «Չնայած մեր կողմից էլ շփումները բավականին շատ են եղել, տարբեր աստիճանի փոխադարձ այցեր են եղել, բայց ամեն դեպքում, մեր կարծիքով, Չեխիայում մենք ունենք խնդիրներ, այդ իսկ պատճառով մենք հրավերն ընդունեցինք եւ գնացինք»: Ամենակարեւոր հետեւությունը, որ արել են հայ խորհրդարանականները` Չեխիայում փոխվել է քաղաքական էլիտան, սերունդը փոխվել է, եւ հիմա կան պետական պաշտոնյաներ, որոնք 1988-ից Չեխիայում հայտնի հայկական ճշմարտություններին չեն տիրապետում, հետեւաբար պառլամենտական դիվանագիտությունը պետք է ակտիվացնի իր գործունեությունը. «Երբ ԼՂ խնդիրը նկարագրում ես պատմական, իրավական հարթության մեջ եւ միջազգային իրավունքի տեսակետից, նրանք շատ տարակուսած նայում են մեզ», ասում էր Ս. Նիկոյանը , իսկ ահա այս հանդիպումների արդյունքում, ըստ բանախոսների, ընկալումները փոխվել են, ըմբռնում է եղել: Պայմանավորվել են, որ խորհրդարանական նոր ընտրություններից հետո պետք է գործի հայ-չեխական բարեկամական խումբը, դրվել է հարց` փոխադարձ դեսպանատներ բացելու, քանի որ Չեխիան Եվրոմիությունում բավականին կարեւոր երկրներից մեկն է: Երբ Չեխիայի արտգործնախարարը Բաքվում (հայկական պատվիրակության Չեխիայում գտնվելու օրերին) բավական տհաճ ու անհասկանալի հայտարարություն էր արել ԼՂ հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու մասին, հայկական պատվիրակությունն անմիջականորեն քննարկել է այդ հայտարարությունը չեխ գործընկերների հետ` բացատրելով, որ այն հակասում էր ԵԱՀԿ 56 երկրների նախարարների կոմիտեի հայտարարությանը, որը ստորագրել է նաեւ Չեխիայի Հանրապետությունը: Նմանատիպ հանդիպումներում յուրաքանչյուր երկրի պաշտոնյա հասարակական կարծիքի ձեւավորման ամենակարեւոր միջոցներից մեկն է դառնումՙ ըստ Նիկոյանի: Ա. Ռուստամյանի մտահոգությամբ` գոյություն ունի բալանսի խախտում հօգուտ Ադրբեջանի, եւ այդ խախտումը պետք էր շատ արագ լրացնել` Չեխիայում պետք էր որ լավ պատկերացնեն ընդհանուր խնդրի բուն էությունը եւ պատկերը ճիշտ ունենան. «Մեր հանդիպումները դրանում կարեւորվեցին` համարելով, որ հաջողվեց տեղում կոտրել Ադրբեջանի քարոզչության ազդեցությամբ ձեւավորված տրամադրվածությունը», լավագույն ապացույցը Ռուստամյանը համարեց իր կոլեգայի հետ հանդիպումը, որը մինչ այդ բոլորովին այլ տեսակետ է ունեցել, իսկ հանդիպման ընթացքում լրջորեն հետաքրքրվել է լուծման հայկական տարբերակով եւ վերջին պահին անգամ հրաժարվել էր չեխական քաղաքներից մեկի եւ Խոջալուի` քույր քաղաքներ ճանաչելու արարողությանը մասնակցելուց, որը ադրբեջանցիները քարոզչական նպատակով էին արել. հայկական պատվիրակությունը ներկայացրել է իրականությունը Խոջալուի մասին: (Խմբ. կողմից հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 25-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի, Չեխիայում հայոց հոգեւոր հովիվ Բարսեղ վրդ. Փիլավչյանի, «Արմենիա» հայ-չեխական կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանի ու «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի այցելությամբ ու ջանքերով այդ արարողությունը չէր կայացել, ու տապալվել էր ադրբեջանական պլանների մի մասը): Խորհրդարանական մակարդակն ազատ հնարավորություն է տալիս խոսելու ամեն հարցի մասին, ասում էր Ռուստամյանը, իսկ Նիկոյանը լրացրեց, որ պառլամենտական հանդիպումների ձեւաչափն օգտագործելով` առաջին անգամ բարձր մակարդակով հայերն ասացին, թե Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են իրենց կրոնական գործոնը: «Այն երկրներում, որտեղ մենք չունենք կազմակերպված սփյուռք, բայց համաշխարհային գործընթացի վրա դրանք մեծ ազդեցություն ունեն, ինչքան էլ ֆինանսական հնարավորությւններ չլինեն` ՀՀ-ն պետք է դեսպանատներ բացի, որպեսզի կանոնակարգված աշխատեն»: «Ազգի» հարցին, թե լավ, խոսում ենք արտաքին աշխատանքի հարթությունը լայնացնելու մասին, ինչո՞ւ չկանխվեց Եվրոպական խորհրդարանի 2216 բանաձեւը, մինչեւ դրա հրապարակումը` դրա նախակարապետ զեկույցի շուրջն աղմուկ չեղավ Հայաստանում. Ա. Ռուստամյանը պատասխանեց, թե պրոբլեմն այն պահից է, երբ շատ հուժկու պայքար չտարանք, որ նախ Եվգենի Կիրիլովը չնշանակվեր զեկուցող, որը թուրքամետ եւ ադրբեջանամետ լոբբիինգի կրող է, նոր փաստաթղթեր են ի հայտ գալիս նրա ստորագրությամբ, որտեղ աղաղակող կեղծիքներ կան ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Գումարած` սոցիալիստական խմբի հետ աշխատող միջազգային բաժնի համակարգողը ծագումով ադրբեջանցի է, բնականաբար իր տեսակետներն է մտցրել: Ռուստամյանը նամակ է գրել սոցիալիստների խմբի ղեկավարին, զգուշացրել, որ այսպիսի աղավաղված զեկույց է պատրաստվում եւ եթե դառնա բանաձեւ` խոչընդոտելու է բանակցային գործընթացին: Ռուստամյանն այժմ էլ առաջարկում է, որ ստեղծվի հատուկ խումբ` պատվիրակություն, որը կգնա Եվրոխորհրդարան հենց ԱԺ անունից եւ կներկայացնի բանաձեւի բոլոր վտանգները: Կասվի` հենց Եվրոխորհրդարանի հեղինակության մասին մտածելով կանխե՛ք նման բանձեւերի ընդունումը. մի խոսքով Եվրոխորհրդարանում ամենաբարձր մակարդակով պետք է ներկայացնի մեր բողոքը. «Քարոզչության մեջ տանուլ տալն էդ հետեւանքները պետք է ունենա», ասաց նա` ներկա խնդիրը համարելով եթե ոչ ամբողջությամբ չեզոքացնելու տվյալ բանաձեւի վտանգը, ապա գոնե մոտենանք այն վիճակին, որ այսպիսի վտանգավոր բանաձեւեր չլինեն»: ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: