Monday, May 24, 2010

Անկարան թույլատրեց. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա կդեղադրվի խաչ

Tert.am. 24-5-2010- Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես թույլատրել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ տեղադրել: Այս մասին, թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը: Հարցի առնչությամբ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը հայտարարել է, որ խաչի տեղադրման հետ կապված առայժմ իրենք թուրքական իշխանությունների կողմից որևէ պաշտոնական ծանուցում չեն ստացել: «Ցավոք, ինչպես մեզ պաշտոնապես չծանուցվեց եկեղեցում պատարագ մատուցելու թույլտվության մասին, այնպես էլ որևէ պաշտոնական ծանուցում չի ուղարկվել խաչի տեղադրման առնչությամբ: Մենք այս զարգացումների մասին տեղեկանում ենք մամուլից: Սակայն այդ լուրը մեզ շատ է ուրախացնում»,- հայտարարել է Աթեշյանը: Հիշեցնենք, որ 2007թ. Սուրբ Խաչի վերականգնողական աշխատանքներն ավարտվելուց հետո Պալսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը պաշտոնապես դիմել էր Թուրքիայի իշխանություններին` եկեղեցու վրա խաչ տեղադրելու խնդրանքով: Այդ նպատակով պատրիարքը հատուկ խաչ էր պատրաստել տվել և այն ուղարկել Վան` հույս ունենալով, որ օրերից մի օր թուրքական իշխանությունները կընդառաջեն իր դիմումին: Հիշեցնենք նաև, որ Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 12-ին նախատեսված պատարագի մատուցման արարողությունը հետաձգվել է մեկ շաբաթով և տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին: Պատարագի հետաձգման պատճառը Թուրքիայում նույն օրը կայանալիք համաժողովրդական հանրաքվեն է: Hurriyet օրաթերթը նշում է, որ հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ է թույլատրվում Սուրբ Խաչի պես կարևոր նշանակություն ունեցող եկեղեցու վրա խաչ տեղադրել՝ տեղեկացնելով, որ խաչը եկեղեցու վրա կտեղադրվի մինչև սեպտեմբերի 19-ը:

No comments: