Friday, May 21, 2010

ՄԱԿ-Ը` ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«ԱԶԳ», 21-05-2010- ՄԱԿ-ում եվրասիական երկրների մասնագետ Ռոբերտ Քաթլերը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ եւ 65-րդ նստաշրջաններում օրակարգ կընդգրկվեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ երկու հռչակագիր, որոնք սեպտեմբերից հետո միայն կքննարկվեն: «ՄԱԿ-ը մինչեւ օրս լուրջ ներդրում չի ունեցել հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Պարզ չէ` սա ՄԱԿ-ի անհաջողությունն է, թե ոչ, բայց դա փաստ է», նշել է Քաթլերը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով բանաձեւ: Այս բանաձեւով ՄԱԿ-ը վերահաստատում է ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականացումը եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Բանաձեւում նշված է, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, «այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը»: Ահա թե ինչ մանրամասնություններ կան բանաձեւի նախաբանում. Գլխավոր ասամբլեայի պատվիրակները 1. վերահաստատում են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված եւ մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներում ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ արդյունավետ երաշխիքի կարեւորությունը, 2. ողջունում են արտաքին եւ օտար օկուպացիայի ներքո գտնվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման դրական փորձը եւ նրանց անցումը անկախության ու ինքնիշխան ժողովրդավարության, 3. խորին մտահոգություն են հայտնում արտաքին ռազմական միջամտության կամ դրա սպառնալիքի առկայության կապակցությամբ, ինչի արդյունքում կարող է ոտնահարվել ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման իրավունքը, 4. լուրջ մտահոգություն են հայտնում այն առնչությամբ, որ դեռեւս շարունակվող նմանատիպ գործողությունների իրականացմամբ միլիոնավոր մարդիկ դառնում են փախստականներ ու տեղահանվածներ, 5. հղում են անում ժողովուրդների ինքնորոշման եւ մարդու այլ իրավունքների ոտնահարման վերաբերյալ համապատասխան բանաձեւերին: Արդեն բուն բանաձեւում նշված է, որ Գլխավոր ասամբլեայի պատվիրակները վերահաստատում են, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը հիմնարար պայման է մարդու իրավունքների պաշտպանության եւ արդյունավետ երաշխիքի, ինչպես նաեւ` այդ իրավունքների պաշտպանության խթանման համար: Կոչ են անում պատասխանատու երկրներին` դադարեցնել բռնաճնշումների, խտրականության, շահագործման եւ դաժան վերաբերմունքի դրսեւորումները, մասնավորապես դաժան ու անմարդկային մեթոդների կիրառումը: Վերջապես, պատվիրակները ցավ են արտահայտում միլիոնավոր փախստականների եւ տեղահանված անձանց վիճակի համար, որոնք տեղահանվել են վերը նշված գործողությունների հետեւանքով, եւ վերահաստատում են արժանապատիվ եւ անվտանգ պայմաններում տուն վերադառնալու նրանց իրավունքը: Այսպիսով, փաստորեն, ՄԱԿ-ը արդեն իսկ ընդունած ունի բավական խոսուն բանաձեւ, որով` նախ ճանաչում է ԼՂ ժողովուրդի ինքնորոշման իրավունքը, երկրորդ` փաստում է, որ Ադրբեջանում ազգությամբ հայերի դեմ ծավալված էթնիկ զտումներն ու դրանց հետեւանքով շուրջ կես միլիոն հայերի բռնի տեղահանումը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման եւ այդ իրավունքի փաստացի իրականացմանը հետեւած գործողություններ են: Ի դեպ, ուշադրություն, վերոհիշյալ բանաձեւը ստորագրել է նաեւ Ադրբեջանը: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ վերջերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը , պատասխանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցչի հարցին, նշել էր, որ «հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության տակ է» (այս մասին «Ազգը» գրել էր), հետեւաբար ՄԱԿ-ը որեւէ լիազորություն չունի միջամտելու ղարաբաղյան համակարտության լուծման գործընթացին, համենայն դեպս` գլխավոր քարտուղարի խոսքերով: Ի դեպ, Պան Կի Մունը թուրքական «Անատոլու» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` արձանագրություններով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում նոր դարաշրջան է բացվում. «Ես քաջատեղյակ եմ, որ երկու երկրները անցյալից եկող խնդիրներ ունեն: Ամեն դեպքում, տարածաշրջանային կարեւորագույն դերակատարություն ունեցող երկու պետությունների` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դրական ու ներդաշնակ հարաբերությունների ձեւավորումը մեծապես կնպաստի թե՛ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, թե՛ երկու ժողովուրդների համագործակցության զարգացմանը», նշել է Պան Կի Մունը: Հ. ԱՖՅԱՆ

No comments: