Friday, May 21, 2010

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ուսումնասիրվում է կենսաբանության տեսանկյունից

Panorama.am. 21-5-2010- Պատմական Հայաստանի Վան նահանգի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին իր թանգարանային կարգավիճակով հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլև իր վրա է բևեռել գիտնականների ուշադրությունը: Վանի համալսարանի կենսաբանության ամբիոնի դոցենտ Օզդեմիր Ադըզելը սկսել է հետազոտել հայկական այդ եկեղեցին` բնորոշելով այն որպես գիտական ուսումնասիրություն հարուստ նյութ: Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի` Ադըզելը ուսումնասիրել է Աղթամարի եկեղեցին կենսաբանության տեսանկյունից: Եկեղեցու պատերի ռելիեֆն ուսումնասիրելով` հնարավոր է լինում բացահայտել նվազագույնը 1100 տարի առաջ այդ տարածաշրջանում գոյություն ունեցած կենդանիների որոշ տեսակներ: «Այս տարածքում նախկինում եղած, իսկ գուցե նաև այսօր իրենց գոյությունը շարունակող մոտ 30 անուն թռչուն և գիշատիչ կենդանի եմ բացահայտել: Այդ թվում` անատոլիական ընձառյուծ: Նման աշխատանքը կապահովի իր գիտական ներդրումը շրջակա միջավայրի ճանաչման գործում»,- ասել է թուրք գիտնականը: Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղցին 2007 թվականի վերանորոգումից հետո գործում է որպես թանգարան: Գմբեթը խաչազուրկ է: Այս տարի սեպտեմբերի 19-ին եկեղեցում մատուցվելու է պատարագ ու այդուհետև տարին մեկ անգամ կրոնական արարողություն է կազմակերպվելու:

No comments: