«Լրագիր» 21-5-2010- Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է 2010 թվականի առաջին չորս ամիսների տնտեսական աճի ցուցանիշը, որից պարզ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունը հունվար, փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին աճել է 7,2 տոկոսով: Այդ ցուցանիշը երեւի թե լավագույններից մեկն է աշխարհում: Երեւի թե աշխարհի որեւէ տնտեսություն չի աճել այդ ծավալով եւ տեմպով, ինչպես Հայաստանինը` 4 ամսում 7,2 տոկոս: Կամ միգուցե շատ քիչ երկրներ են, որ արձանագրել են այդպիսի աճ: Այդպիսով, ստացվում է, որ Հայաստանում էր ճգնաժամի ընթացքում աշխարհում ամենամեծ անկումներից մեկը, եւ Հայաստանում է հետճգնաժամային ամենամեծ վերականգնումներից մեկը:
Քաղաքացիներին թերեւս կմնար միայն ծափահարել Հայաստանի իշխանության իմաստուն տնտեսական, հակաճգնաժամային քաղաքականությանը, բայց այն վայրիվերումը, որ առկա է անկման եւ աճի միջեւ, հուշում է, ստիպում է մտածել, որ ինչ որ բան այստեղ այն չէ, անվստահություն է առաջացնում 7,2 տոկոս աճի կապակցությամբ: Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ երկնիշ աճ էր արձանագրում, որը նույնպես աննախադեպ էր աշխարհի երկրների ճնշող մեծամասնության համար: Բայց բավական էր ճգնաժամի մի քանի ամիս, որպեսզի ակնհայտ դառնա, որ այդ երկնիշ աճը զգալի մասով զուրկ է եղել որակից, եւ տնտեսությունը սմքեց ծակված փուչիկի արագությամբ:
Եթե այդպես օդով էր լցված տարիների ընթացքում երկնիշ թվերով աճած տնտեսությունը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչով է լցված ներկայիս 7,2 տոկոս տնտեսական աճը եւ ինչպիսին է լինելու դրա որակը: Բայց պատկերացնելու հարկ էլ թերեւս չկա, քանի որ հունվարը, փետրվարը, մարտն ու ապրիլը եղել են, անցել են քաղաքացիների աչքի առաջ, քաղաքացիներն ապրել են այդ ամիսներին Հայաստանում, գործարարներն այդ ամիսներին Հայաստանում զբաղվել են բիզնեսով` մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի տեր գործարարների մասին է խոսքը: Նրանք ամենից լավ կիմանան, թե իրականում ինչն է աճել Հայաստանում: Իրականում Հայաստանում աճել են հարկայինի ստուգումներն ու հարկայինի զանազան այլ “այցելությունները” փոքր ու միջին բիզնեսի օբյեկտներ, իրականում Հայաստանում աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների որոշ մասի գներն ու մյուս մասի գնաճի նախադրյալները, իրականում Հայաստանում աճել է Հայաստանից հեռանալ ցանկացողների թիվը: Էլի շատ բաներ են Հայաստանում թերեւս աճել, որոնք կապ չունեն տնտեսական, այն էլ 7,2 տոկոս աճի հետ: Կամ, ավելի ճիշտ կլինի թերեւս ասել, որ այդ 7,2 տոկոս տնտեսական աճը կապ չունի քաղաքացիների իրական կյանքի հետ, եթե իհարկե քաղաքացիների իրական կյանքը չենք տեղավորում միայն պետության վճարած աշխատավարձի, նպաստի կամ թոշակի շրջանակում:
Քաղաքացու կյանքի շրջանակը մի քիչ ավելին է, քան դա: Երեւի թե քաղաքացին ինքն էլ կուզեր, որ իր կյանքի շրջանակը նույնքան “նեղ” լիներ, որքան ասենք պաշտոնական վիճակագրության պրիզման, ու ինքն էլ ի սրտե ուրախանար, որ տնտեսությունը 7,2 տոկոսով աճել է: Բայց, ի տարբերություն ասենք երկրի նախագահի, կամ վարչապետի, կամ այլ պաշտոնյաների, քաղաքացին տեսնում է կյանքի ոչ միայն աշխատող կամ նոր բացվող ձեռնարկությունների կողմը, այլ նաեւ սնանկության եզրին հասածների, կամ արդեն իսկ սնանկացածների, փակված եւ փակման շեմին կանգնած ձեռնարկությունների: Քաղաքացին կյանքին ավելի լայն է նայում, քան իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները` բառի բուն եւ պատկերավոր իմաստով, առանց ավելորդ վիճակագրության, որովհետեւ ի տարբերություն իշխանության, քաղաքացին կյանքը չի հաշվում եւ վայելում, քաղաքացին կյանքը գիտե եւ զգում է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Friday, May 21, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment