Tert.am. 16-6-2010- Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն Երևան կատարած այցելության ժամանակ Հայոց ցեղասպանության հարցում ի ցույց դրեց Թուրքիայի ազգային դիրքորոշումը, սակայն Կիպրոս կատարած այցելությամբ, ընդհանուր հաշվով, հիասթափեցրեց Կիպրոսի թուրքերին: Այս մասին գրում է թուրքական Yeni Çağ պարբերականը` անդրադառնալով Մևլութ Չավուշօղլուի կիպրական այցելությանը, որի շրջանակում վերջինս մասնակցում էր Լիմասոլում տեղի ունեցած խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:
«Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) Անթալիայի պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն ընտրվեց ԵԽԽՎ նախագահ: Մինչ Թուրքիայի վզին ուղղակի փաթաթվել են տարածաշրջանային խնդիրները, մեր շահերից է բխում Չավուշօղլուի զբաղեցրած պաշտոնը: Դա հատկապես կարևոր է կիպրական հիմնախնդրի կարգավորման համար, որի առնչությամբ ընթացող բանակցությունները թևակոխել են վճռորոշ փուլ: Սակայն ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն հիասթափեցրեց Կիպրոսի թուրքերին…»,- գրում է թուրքական պարբերականը` ավելացնելով, որ կիպրական հիմնախնդրի առնչությամբ ԱԶԿ-ի որդեգրած քաղաքականությունը հարվածում է Թուրքիայի «ազգային հարցին», իսկ Չավուշօղլուի կիպրական այցելությունն անընդունելի է:
«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը հրաժարվեց մասնակցել այդ համաժողովին և չմեկնեց Հարավային Կիպրոս: Ինչպես հայտնի է, Թուրքիան Կիպրոսի Հանրապետությանը չի ճանաչում որպես կղզում միակ գերիշխող պետություն, և ճանաչում է նրան որպես Հարավային Կիպրոս: Սակայն 1974 թվականից իր վեր Կիպրոսի Հանրապետությունը չճանաչելու թուրքական իշխանությունների այս դիրքորոշման մեջ սկսեց նոր կողմ ձևավորվել ԱԶԿ-ի իշխանության օրոք… Կիպրական հիմնախնդրի առնչությամբ վերջինիս որդեգրած քաղաքականությունը վնասում է մեր ազգային հարցին և շարունակելու է վնասել: ԱԶԿ-ի հիմնադիրներից համարվող Չավուշօղլուն, փաստորեն ճանաչելով Կիպրոսի հանրապետությունը, Հարավային Կիպրոս ժամանեց Լառնակայի օդանավակայանով: Իսկ սա անընդունելի մեծ սկանդալ է: Իսկ եթե նշվում է, թե Չավուշօղլուն` որպես ԵԽԽՎ նախագահ, ուղղակի չէր կարող չմասնակցել այդ համաժողովին, ապա նա Կիպրոս պետք է մուտք գործեր Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Էրջան օդանավակայանով և գնար Լիմասոլ:
Իսկ նման իրավիճակում Կիպրոսի հունական հատվածը թույլ չէր տալու, որպեսզի Չավուշօղլուն հյուսիսից անցներ հարավ և խոչընդոտելու էր նրա ամսնակցությունը համաժողովին։ Մինչդեռ ողջ աշխարհը ևս մեկ հնարավորություն կունենար տեսնելու կղզում տեղի ունեցող իրադարձությունների իրական կողմը»,– գրումէ պարբերականը։
Yeni Çağ-ը, զուգահեռներ անցկացնելով Չավուշօղլուի` հայաստանյան և կիպրական այցելությունների միջև, ընդգծում է, որ ԵԽԽՎ-ի ազգությամբ թուրք ղեկավարը նախ և առաջ պետք է պաշպանի իր երկրի շահերը:
«Չավուշօղլուն` որպես ԵԽԽՎ նախագահ, երևանյան այցելության ժամանակ ցուցադրելով ճիշտ դիրքորոշում` չայցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նման կեցվածք նա չկարողացավ ցուցադրել Կիպրոսում: Իսկ երբ Երևանում լրագրողները փորձում էին պարզել, թե ինչու Չավուշօղլուն չայցելել Ծիծեռնակաբերդ, նա պատասխանեց, որ Վեհաժողովի կանոնակարգում չկա որևէ դրույթ, որը կպարտադրեր նախագահի այցելությունը այս կամ այն վայր: Իսկ մի՞թե վատ կլիներ, եթե Չավուշօղլուն կղզի այցելեր Թուրքիայի կողմից ճանաչված Էրջանի օդանավակայանով: Մի՞թե վատ կլիններ, եթե նրան օդանավակայանում դիմավորեր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանի նախագահը: Մի՞թե վատ կլիներ, եթե Չավուշօղլուն Կիպրոսում ցուցադրեր Թուրքիայի ազգային դիրքորոշումը, ինչն արեց Երևանում: Արդյո՞ք նման քայլերը չեն խոսում այն մասին, որ ԱԶԿ-ի դիրքերը թուլացել են կիպրական հիմնախնդրի կարգավորման հարցում: Թուրք ազգը պարտավոր է հաշիվ պահանջել այս անհեռատեսության համար…»,- եզրափակում է թուրքական պարբերականը:
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment