«Ազատություն» 16-6-2010- «Պաշտոնական Անկարան այնքան է տարվել Իրանի, Մերձավոր Արեւելքի ու Կովկասի խնդիրներով, որ լիակատար անտարբերության է մատնել Կենտրոնական Ասիայում ծավալվող իրադարձությունները», - պնդում են առաջատար թուրք փորձագետները` մեկնաբանելով Ղրղըզստանի հարավում տեղի ունեցած բախումների թուրքական արձագանքը:
Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի` TURKSAM-ի ղեկավար Սինան Օղանը Hurriyet-ին տված հարցազրույցում նշել է. - «Կենտրոնական Ասիան թյուրքական աշխարհի մի մասն է: Թուրքիան չպետք է անհաղորդ մնա, երբ բախվում են թյուրքական ծագում ունեցող երկու ազգեր»:
Նախկին պետնախարար Ահատ Անդիջանի գնահատմամբ էլ` ցանկացած փորձագետ, որ քիչ թե շատ ծանոթ է տարածաշրջանում տիրող կացությանը, հեշտությամբ կարող էր կանխատեսել ղրղըզների եւ ուզբեկների միջեւ բախման հավանականությունը:
«Այլ հարց է, որ Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում գրեթե զրոյական է: Թուրքական կառավարությունը որեւէ կշիռ Կենտրոնական Ասիայում չունի», - պնդում է Անդիջանը, որը նախկինում երկրի կառավարության կազմում համակարգում էր հարաբերությունները Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ:
«Այսօր կառավարության կազմում այդ պարտականությունները դրված են պետնախարար Ֆարուք Չելիքի վրա, որին Կենտրոնական Ասիայում որեւէ մեկը չի էլ ճանաչում, Չելիքը ընդհանրապես չի զբաղվում այդ խնդիրներով», - նշում է պաշտոնաթող պետնախարարը:
Թուրք վերլուծաբանները նշում են, որ Կենտրոնական Ասիայում պաշտոնական Անկարայի երբեմնի ծանրակշիռ դերակատարության անկման ամենավառ ապացույցը այն իրողությունն էր, որ ջարդերի զոհ դարձած եւ թուրքերի հետ բազմաթիվ ընդհանրություններ ունեցող ուզբեկները օգնության խնդրանքով ում ասես դիմեցին` բացի Թուրքիայից: «Անկարան որոշեց բավարարվել մարդասիրական օգնության տրամադրմամբ ու Ղրղըզստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին տարհանելով: Բացի այդ, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն խոստացավ տարածաշրջան մի պատվիրակություն ուղարկել, որ տեղի իշխանությունների հետ կքննարկի ստեղծված կացությունը», - գրում է Zaman-ը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ հանդիսացող Թուրքիան իր ողջ քաղաքական կապիտալը ծախսեց Իրանի խնդրի վրա: Այդ իսկ պատճառով, Անկարան որեւէ կերպ չի արձագանքում, երբ Ղրղըզստանի ժամանակվոր կառավարությունը օգնության խնդրանքով դիմում է ՄԱԿ-ի ղեկավար կառույցներին», - նշում է վերլուծաբան Սինան Օղանը:
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment