Friday, June 18, 2010

Պայմանավորվել են շարունակել. Նալբանդյանը մեկնաբանել է նախագահների հանդիպումը

Tert.am. 17-6-2010- Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ լրագրողների մեկնաբանություններ է տվել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Գիտեք, որ Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր կարևոր դեր է խաղում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ և ներկայությամբ արդեն վեցերորդ հանդիպումն է կայանում: Նախորդ հանդիպումներն անցկացվել են Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Քիշնևում: Այսօրվա հանդիպումը շարունակությունն է այն բանակցությունների, որոնք մինչև հիմա ընթացել են երեք նախագահների միջև: ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և միջնորդությամբ անցկացվող հանդիպումներին լիովին աջակցում են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները: Այսօր բանակցությունների ընթացքում գրանցվել է այն, ինչին հասել են կողմերը բանակցությունների ընթացքում: Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները հենց այս հիմքի վրա: Նախագահները նախարարներին հանձնարարել են շարունակել շփումները: Ակտիվ շփումները կշարունակվեն նաև համանախագահների հետ»,- ասել է արտգործնախարարը; Խոսելով մադրիդյան սկզբունքների մասին` արտգործնախարաը նշել է. «Նախորդ շրջանում, իհարկե, կար մադրիդյան փաստաթուղթը, որը միակ պաշտոնական փաստաթուղթն էր: Մինչև հիմա բանակցությունները շարունակվում էին դրա հիման վրա: Այսօր եղան տարբեր աշխատանքային առաջարկներ: Այսօր մենք գրանցել ենք այն, ինչին հասել ենք այսօր և պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները դրա հիման վրա»: Tert.am-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից հաղորդում է, որ Նալբանդյանը տեղեկացրել է նաև, որ վաղը կկայանա ՀՀ նախագահի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք ծրագրում են հուլիսի սկզբին այցելել տարածաշրջան: «Գործընթացը շարունակվում է: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը կառուցողական էր և կարևոր հանգրվան էր Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում»,- ասել է նա:

No comments: