Thursday, June 10, 2010

«Մենք պետք է որոշենք թե ի՞նչ ենք ուզում դառնալ:»

ԵՀՀ-ի նախագահ Կարո Հակոբյանի հետ հարցազրույց` Եվրոպայի մի քանի իրադարձությունների առնչությամբ Կարո Հակոբյան. “Մենք պետք է որոշենք թե ի՞նչ ենք ուզում դառնալ: Եվրոպայի աղքատ ու հիվանդ գործընկերը, թե առողջ եւ կազմակերպված հասարակայնություն, ուժեղ պետություն, որ յուրաքանչյուրի համար ցանկալի դաշնակից կարող է դառնալ” - Պրն Հակոբյան, դուք ներկա եք եղել, մայիսի 31-ին, Ստոքհոլմում ցեղասպանության թեմայով տեղի ունեցած ժողովին: Մամուլում այդ կոնֆերանսի մասին կար համառոտ ակնարկ միայն, կարող եք հավելյալ տեղեկություն տալ այդ մասին: - Այդ սեմինարն իր բնույթով, կարելի է ասել, առաջինն էր Շվեդիայում, քանի որ ցեղասպանության հարցը քննարկվում էր միջազգային իրավունքի եւ իրավաբանական տեսանկյունից: Սեմինարը, որի խորագիրն էր “1915 թ. Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. կենդանի պատմություն, իրավական խնդիրներ, իրավունք եւ պատասխանատվություն”, կազմակերպել էր Միջազգային իրավունքի ասոցիացիայի շվեդական մասնաճյուղը` նկատի ունենալով մարտի 11-ին Շվեդական պառլամենտի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Մի խոսքով` հիմնականում քննության առարկա էր 1915 թ. Ցեղասպանության իրավական ասպեկտները: Սեմինարը նախագահում էր միջազգային իրավունքի փորձագետ եւ Շվեդիայի Միջազգային իրավունքի ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Օվե Բրինգը. որը բազմիցս մասնակցել է ցեղասպանության նվիրված կոնֆերանսներին եւ գիտական սեմինարներին ու քաջածանոթ է այս հարցին: Սեմինարին դասախոսություններով հանդես եկան Դունդեի եւ Ուփսալայի համալսարանների միջազգային իրավունքի պրոֆեսոր Քայ Հոբերը, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում եւ Դանիայում Հայաստանի դեսպան պրն Արա Այվազյանը եւ պատմաբան Վահագն Ավետյանը: Սեմինարը կայացավ Mannheimer Swartling իրավաբանական գրասենյակի դահլիճում: - Պրն Օվե Բրինգն իր բացման խոսքում շեշտեց, որ իրենք սեմինարին հրավիրել են երկու կողմերին էլª Հայաստանի դեսպան պրն Այվազյանին եւ Շվեդիայում Թուրքիայի դեսպանին, որի մասնակցության հավանականությունը սեմինարին, կարելի է ասել, մեծ է եղել, սակայն վերջում հրաժարվել է մասնակցելուց` պատճառաբանելով նաեւ ժամանակի ընտրության անհարմարությունը: - Օվե Բրինգը նաեւ, հակառակ թուրքական պնդումներին, ըստ որի` ամեն տեղ չէ, որ պիտի խոսվի “այդ դեպքերի” մասին, շեշտեց հակառակը` ամեն մարդու իրավունքն է միշտ եւ ամենուր խոսել այդ մասին: Հայաստանի դեսպան Արա Այվազյանը ներկայացրեց Ցեղասպանության պատմությունը` վկայակոչելով հայտնի քաղաքական մարդկանց, օրինակ` Վինստոն Չերչիլի կարծիքը Ցեղասպանության մասին: Պրոֆեսոր Հոբերը ներկայացրեց միջազգային իրավունքի պրակտիկայի եւ վաղեմիության վերաբերյալ իր ուսումնասիրությունները: Վահագն Ավետյանի ելույթը նվիրված էր պետական ինքնության, իրավահաջորդությանը եւ պետական պատասխանատվությանը: Սեմինարի մասին դուք կարող եք տեսնել նաեւ մի հակիրճ տեսանյութ ԵՀՀ-ի կայքում www.aaeurop.com : Վերջում եղան հարց ու պատասխաններ եւ մտքերի փոխանակում, սեմինարում ներկա էին քաղաքական եւ գիտական կառույցների ներկայացուցիչներ, որոնց թվում կարելի է նշել պրոֆեսոր Դեյվիդ Գաունթին, որը ապրիլին մասնակցել էր Իստամբուլում ցեղասպանության նվիրված կոնֆերանսին: Նա բացատրություններ տվեց այս հարցի շուրջ Հայ-Թուրքական մերձեցման ուղղությամբ անցյալի փորձերի մասին: Դեսպան Արա Այվազյանը պատասխանեց նաեւ Հայ-Թուրքական համաձայնագրերի ու քաղաքական վերջին իրադարձությունների ու զարգացումների մասին եղած հարցումներին, նա ի միջի այլոց շեշտեց, որ Ցեղասպանության հարցը այդ համատեքստում քննարկման առարկա չի կարող լինել: Սեմինարի հաջորդող օրը դեսպան Արա Այվազյանի հետ ունեցած առանձնազրույցում ես եւ ինքը համատեղ բավականին քննարկեցինք վերոնշյալ հարցերը: - Ի՞նչ եզրակացության հանգեց ժողովը: - Խնդիրը դեռեւս այնքան էլ բացահայտված եւ քննարկված չէ, միջազգային իրավաբանական շրջանակներում կան բավականին լայն տարողությամբ իրավաբանական թեր եւ դեմ տվյալներ: Ժողովը, իմ կարծիքով, բացահայտեց հենց այդ իրողությունը: Օգտվեմ առիթից ասելու, որ միջազգային օրենքի եւ իրավաբանական բնագավառում մենք դեռեւս չունենք կոնկրետ պատկերացում եւ հեռանկարներ. հայ իրավաբանները հատկապես միջազգային իրավաբանակնան ասպարեզում շատ ու շատ անելիքներ ունեն: Պետք է լուրջ մտածել եւ հեռանկարային ծրագրեր ունենալ այս ասպարեզում: Հանդգնում եմ ասել, որ դա “վտանգավոր” ասպարեզ է եւ արկածախնդրության առարկա չի կարող դառնալ: - Վերջերս Ստոքհոլմում դուք ներկա եք եղել նաեւ մեկ այլ սեմինարի, այդ մասին ի՞նչ կասեք: -Մայիսի 17-ին ներկա եղա մի այլ դասախոսության` “Կոնֆլիկտի թեժ կետեր եւ Շվեդիայի արտաքին քաղաքականությունը” խորագրով: Դասախոսողը 1965 թ. Շվեդիայի արտաքին քաղաքականության ամենաբարձր մակարդակում դերակատարություն ունեցած Ուլֆ Հիերթոնսոնն էր: Երբ նրան հարցրի իր կարծիքը Ռիքսդագի` Ցեղասպանության ճանաչման եւ դրան հետեւած վարչապետի ներողություն խնդրելու մասին, նա, չհերքելով Ցեղասպանության “սուբստանսը”, իր անձնական կարծիքը հայտնելով ասաց, որ նման որոշումներ սխալ է կայացնել Ռիքսդագում, իսկ կրկնակի սխալ էր վարչապետի ներողություն խնդրելը: Իհարկե, ես կտրուկ հակադրեցի նրան, իր պատասխանի առաջին մասի համար, շեշտելով, որ դա պատմաբանների հարց չէ: Դարձյալ առիթից օգտվելով ասեմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում զարգանում է մի վտանգավոր միտում, այն է` հարցը քաղաքականից փոխադրել զուտ պատմական ասպարեզ եւ այսպիսով իրենց ազատել քաղաքական պատասխանատվությունից: Մենք` հայերս, համատեղ լուրջ հակահարված պիտի հասցնենք նման դրսեւորումներին: Այդ հարցն արծարծվեց նույնպես մայիսի 31-ի իրավաբանական սեմինարում: - Ի՞նչ կասեք Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի մայիսի որոշման մասին: Չե՞ք կարծում, որ ԵՀՀ-ի բրյուսելյան գրասենյակի վերաբացումն այլեւս անհրաժեշտություն է: - Այստեղ մենք թույլ ենք տվել մեծ բացթողում. նման հայավնաս եւ սխալ որոշումների դեմ պետք է դիմակայենք ծրագրված ու կազմակերպված թե ՀՀ-ից եւ թե Սփյուռքից: Հայկական կողմը պետք է գիտակցի, որ նման հարցերի կրկնությունը, շատ թանգ կարժենա իր վրա: Ինչ վերաբեվում է բրուսելյան գրասենյակի վերաբացմանը, ասեմ, որ ԵՀՀ-ի հետապնդած ծրագրերը, երբեմն վնասվում կամ ուշանում են միջոցների սղության պատճառով, բայց նաեւ ասեմ, որ այդ չի մղելու մեզ հրաժարվելու մեր հետապնդած ծրագրերից եւ պատասխանատվությունից: - Վերջին հարցումս վերաբերում է մեր իրականությունը տագնապեցնող օտարալեզու հանրակրթական դպրոցներին. Ի՞նչ կասեիք այդ մասին: - Հետաքրքրական է, որ Հայաստանի ու հայության հիմնական շահերը վնասող հարվածը գալիս է ոչ միայն դրսից, այլ նաեւ ներսից` անսպասելի եւ անհավանական թվացող անակնկալներից: Այս նախագիծը բոլոր առումներուվ բացասական է: Ոչ արդիական է, ոչ առաջադիմական եւ ոչ էլ ազգային: Օտար լեզուներին տիրապետելու համար կան բազմաթիվ այլ միջոցներ, այդ նախագծի ջատագովները հաճախ օգտվում են էժան քարոզչական միջոցներից` իբր Եվրոպայում էլ այդպես է եւ այլն: Բայց, հաճախ, իրականությունը բոլորովին այլ է: Տամ օրինակն այս երկրում: Շվեդիան այն երկրներից է, ուր գրեթե բոլորը խոսում են շվեդերենից բացի մեկ կամ մի քանի այլ լեզուներով եւ ոչ միայն խոսում են, այլ կյանքի զանազան բնագավառներում ունեն լեզվական բարձրագույն մասնագիտություն եւ այդ բոլորը ոչ թե շվեդերենի հաշվին, այլ այն բանի, որ հանրային կրթական դպրոցներում բարձր մակարդակով անցնում է օտար լեզվի ուսուցումը ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ: Իսկ այժմ խոսվում է, թե ինչպես բարելավել ու բարձրացնել շվեդերեն լեզվի ուսուցումը հանրակրթական դպրոցներում: Մենք պետք է որոշենք թե ի՞նչ ենք ուզում դառնալ: Եվրոպայի աղքատ ու հիվանդ գործընկերը, թե առողջ եւ կազմակերպված հասարականություն, ուժեղ պետություն, որը յուրաքանչյուրի համար ցանկալի դաշնակից կարող է դառնալ: Նկարում` ձախից աջ պռոֆ Քայ Հոբեր, դեսպան Արա Այվազյան, Վահագն Ավետյան եւ պռոֆ. Օվե Բրինգ.
ՙՀԱՅԱՍՏԱՆ ԼՐԱՏՈՒ՚, 09.06.2010 ԱԹԵՆՔ.

No comments: