News.am. 15-6-2010- Աշխատանքային այցելությամբ Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ` հունիսի 14-ին օրվա երկրորդ կեսին Վրաստանի նախագահի կողմից տրամադրված ուղղաթիռով մեկնել է Բաթում, ուր նրան ընդունել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ղեկավարին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները:
Միխեիլ Սահակաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունների առնչությամբ` նշելով, որ Հայաստանի նախագահի հետ հաստատված երկխոսությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն առաջ մղել երկկողմ փոխգործակցությունը:
Նախագահ Սահակաշվիլին եւ նախարար Նալբանդյանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, քննարկվել է երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տնտեսական համագործակցության ծրագրերի իրականացումը:
Զրույցի ընթացքում արծարծվել են նաեւ վիրահայությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծման ուղիները:
Միխեիլ Սաակաշվիլիի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:
Վրաստանի նախագահը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:
Հունիսի 14-ի առավոտյան Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը խոսել է հայ-վրացական հարաբերությունների ներկայի եւ հեռանկարների մասին, տեղեկություններ հաղորդել իր հանդիպումների մասին: Վիրահայության ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանը վերադարձել է Երեւան:
Tuesday, June 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment