Tert.am. 16-6-2010- Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հոլի Քարտները Սերժ Սարգսյանին նամակ է ուղղել, որում մտահոգություն է հայտնում «Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի առնչությամբ։
Նամակում Human Rights Watch–ը նախագահին կոչ է անում չհաստատել օրենքը և վերադարձնել այն խորհրդարան լրամշակման նպատակով։
Human Rights Watch–ի փորձագետների կարծիքով, ընդունված փոփոխությունները բացասաբար կազդեն բազմակարծության և հայկական լրատվական դաշտի վրա։ Ողջունելով հեռուստատեսությունը թվայնացնելու կառավարության որոշումը՝ կազմակերպությունն ընդգծում է, որ ընդունված օրենքում առկա են մի շարք մտահոգիչ դրույթներ։
Ըստ նամակի հեղինակների՝ գործող հեռուստաընկերությունների թիվը 22–ից 18–ի հասցնելը կարող է սահմանափակել կարծիքների բազմազանությունը, ինչպես նաև նոր օրենքի ընդունումը կփակի նոր ընկերությունների մուտքը, քանի որ արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է առնվազն եռամյա աշխատանքային փորձ հեռարձակման ոլորտում։
Կազմակերպությունը նաև նշում է, որ օրենսդրական փոփոխությունը չի երաշխավորում ՀՌԱՀ–ի գործունեության թափանցիկություն, և հիշեցնում է, որ հունիսի 10–ին ԵՄ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարները կոչ արեցին շարունակել օրինագծի շուրջ քննարկումները, և չնայած դրան, նույն օրը՝ հունիսի 10–ին, Հայաստանի խորհրդարանն իր արտահերթ նիստում ընդունեց այն։
Նամակի հեղինակները հույս են հայտնում, որ եթե օրենքը վերադարձվի, խորհրդարանը գուցե կլսի քաղաքացիական հասարակությնաը, փորձագետներին և փոփոխություններ կկատարի դրանում՝ ելնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից։
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment