Wednesday, July 21, 2010

Բրայզայի նշանակումից առաջ ԱՄՆ–ում հիշել են 1997թ. Մոսկվայի ավտովթարը

Tert.am. 21-7-2010- Հինգշաբթի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, որին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, պատասխանելու է ԱՄՆ սենատի հանձանաժողովի հարցերին։ Ամերիկայում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք կոնգրեսականները կհարցաքննեն Բրայզային 1997թ. օգոստոսի 18–ին Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետևանքով տուժած կինը մինչև հիմա կոմայի մեջ է։ Բրայզայի մեքենան վրաերթի էր ենթարկել կնոջը, որից հետո վերջինը գլխի ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այն ժամանակ այս միջադեպի մասին գրել էին ամերիկյան բոլոր լրատվամիջոցները։ Վաշինգտոնը հետ էր կանչել Բրայզային, որը ՌԴ–ում ԱՄՆ դեսպանի հատուկ օգնականն էր, և ափսոսանք հայտնել կատարվածի առնչությամբ։ Պետքարտուղարությունն այս որոշումը բացատրել էր փաստով, որ «կատարվածի պատճառով Բրայզան այլևս չի կարող արդյունավետ աշխատել Մոսկվայում»։ «Ասպարեզը» նաև հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տարիներին Բրայզան սերտ կապեր էր հաստատել Բաքվի քաղաքական էլիտայի հետ։ Ադրբեջանական թերթերից մեկն այն ժամանակ հաղորդեց, որ ադրբեջանցի նախարարներից մեկն է վճարել Բրայզայի և թուրք գիտնական Զեյնո Բարանի հարսանիքի ծախսերը։ Դրանից հետո թերթի խմբագրին ու լրագրողին դատել էին ու ազատազրկման ենթարկել։ Հայկական պարբերականը հույս է հայտնում, որ ԱՄՆ սենատորները զգոն կլինեն և լրջորեն կուսումնասիրեն Ադրբեջանում ԱՄՆ շահերն օբյեկտիվորեն ներկայացնելու Բրայզայի ունակությունը։

No comments: