Wednesday, July 21, 2010

Հունաստանի խորհրդարանում ստեղծվել է Հունաստան-Հայաստան բարեկամության խումբ

Հուլիսի 20-ին Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում Ժնևում Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը և հետագա խորացումը` նշելով, որ միջխորհրդարանական շփումները բավարար մակարդակի վրա չեն և զարգացման մեծ ներուժ ունեն։ Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարել աշխուժացնել Հայաստանի և Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները` ապահովելով դրանց շարունակական բնույթը, ինչպես նաև ակտիվացնել պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը։ Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել նաև տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը։ Պետսալնիկոսը նույնպես կարևորել է երկու խորհրդարանների միջև գործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը և նշել, որ Հունաստանի խորհրդարանում ստեղծվել է Հունաստան-Հայաստան բարեկամության խումբ։ Նա վստահություն հայտնեց, որ խմբի գործունեությունը էապես կնպաստի միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը։ Հունաստանի խորհրդարանի նախագահը վերահաստատել է ՀՀ ԱԺ նախագահին Հունաստան հրավիրելու իր պաշտոնական հրավերը, ընդգծելով որ այն կարևոր քայլ կլինի միջպետական հարաբերությունների խորացման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

No comments: