Wednesday, July 21, 2010

Պաշտոնական Անկարան կշարունակի հայերի հանդեպ ատելություն սերմանել երկրի դպրոցներում

Թուրքական դատարանը չի բավարարել «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից «Սարը Գելին. Հայկական հարցի իրական դեմքը» վերնագրով ֆիլմի ցուցադրությունը երկրի դպրոցներում դադարեցնելու պահանջով ներկայացված հայցը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Հրանտ Դինք» հիմնադրամը հայց էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի Կրթության նախարարության` ֆիլմը նախակրթական հաստատություններում ցուցադրելու համար: Հիմնադրամի հայցում նշվում էր, որ ֆիլմի ցուցադրումը հակասում է ժողովրդավարական մշակույթի և հանդուրժողականության ձևավորմանը, ինչը կրթության նպատակներից է, և բացասաբար է ազդում աշակերտների հոգեկան աշխարհի վրա: Ստամբուլի դատարանի որոշման մեջ նշվում է, որ «ֆիլմը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ»: Դինքի ընտանիքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինը, նշելով, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը, հայտարարել է. «Այդ փաստագրական ֆիլմն արտացոլում է միակողմանի տեսակետ: Եթե այն ցուցադրվում է մեծահասակներին, նրանք կարող են քննարկել ֆիլմի բովանդակությունը: Մինչդեռ ֆիլմը ցուցադրվում է նախակրթական հաստատություններում սովորող աշակերտներին, որոնք այն տարիքում չեն, որ կարողանան դատողություններ անել: Այդ ֆիլմում այնպիսի տեսարաններ կան, որ… գանգեր, կտրված գլուխներ, դիակներ… Իսկ այդ ամենը բացասաբար է ազդում այդ տարիքի երեխաների և նրանց հետագա զարգացման վրա»: Չեթինը հայտարարել է նաև, որ այդ ֆիլմը թշնամանք է սերմանում ազգային փոքրամասնությունների և հատկապես հայերի նկատմամբ: «Սարը Գելին. Հայկական հարցի իրական դեմքը» փաստագրական ֆիլմը պատրաստվել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ պատվերով: Այն արտացոլում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի ժխտողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ցուցադրվում Թուրքիայի բոլոր դպրոցներում: Նշենք, որ ֆիլմի ցուցադրության համար Թուրքիայի կրթության նախարարության դեմ 2009թ. հայց էր ներկայացրել նաև մասնագիտությամբ բժիշկ թուրք Սերդար Քայան: Քայան իր բողոքը հիմնավորում էր փաստով, որ դպրոցում ֆիլմի ցուցադրումը բացասական ազդեցություն է թողել իր 11-ամյա դստեր հոգեկան աշխարհի վրա` բորբոքելով «ատելության և թշնամանքի» զգացումներ: Քայան պահանջում էր նաև պատասխանատվության ենթարկել դպրոցի ուսուցիչներին: Այն ժամանակ Թուրքիայի կրթության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` Թուրքիայի դպրոցներում ֆիլմի ցուցադրումը դադարեցվում է: Հայտարարության մեջ նշվում էր, որ ֆիլմը նախատեսված է եղել ոչ թե աշակերտների, այլ պատմության ուսուցիչների համար: Սակայն շաբաթներ անց Թուրքիայի կրթության նախարարությունը դպրոցներին ուղարկել էր ֆիլմը և հրահանգել այն ցուցադրել աշակերտներին, այնուհետև ներկայացնել համապատասխան զեկույց: Ֆիլմի ցուցադրման դեմ իր բողոքի ձայնն էր բարձրացրել նաև Թուրքիայի հայ համայնքը և նամակով դիմել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

No comments: