Thursday, July 8, 2010

Հայաստանի արտաքին պարտքը 2013 թ. կհասնի 4 մլրդ դոլարի

News.am. 8-7-2010- ՀՀ կառավարությունն առաջին անգամ այսօր ընդունել է պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիր` 2011-13 թ.թ. համար: Դրանով նախատեսվում է արտաքին պետական պարտքը առաջիկա տարիներին բարձրացնել եւ 2013 թ. հասցնել 4 մլրդ դոլարի` ներկայիս 3 մլրդ դոլարի փոխարեն: Նախորդ տարիների համեմատությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը 2009թ. էականորեն բարձրացել է, մասնավորապես՝ արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2009թ. կազմել է 36.1%, մինչդեռ 2008թ. այն կազմել էր ընդամենը 13.6%: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի կարծիքով` պարտքային բեռի նման բարձրացումը գտնվում է կառավարելիության շրջանակներում և չի կարող խաթարել երկրի կայունությունը: Կառավարության կանխատեսմամբ` 2011-13 թթ. երկրի ՀՆԱ-ն կաճի ավելի արագ, որի արդյունքում արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2013 թ. կկազմի 39.7 տոկոս: Միեւնույն ժամանակ կառավարությունը որոշել է փոփոխել երկրի պարտքային քաղաքականությունը: Այսպես` նախատեսվում է, որ ներքին պարտքը կաճի ավելի արագ, քան արտաքինը: Ֆինանսների նախարարը դա բացատրեց այն հանգամանքով, որ ներքին պարտքը նվազեցնում է անվճարունակության (դեֆոլտի) հավանականությունը, փոխարժեքի հետ կապված ռիսկերը, հնարավորություն է ընձեռնում ներգրավել եւ արդյունավետ օգտագործել համախառն ազգային խնայողությունները: Հատկապես նախապատվություն կտրվի 3-20 տարի մարման ժամկետով պարտատոմսերի թողարկմանը: Սակայն նախարարը ոչինչ չասաց այն մասին, թե ինչ տոկոսադրույքներով են դրանք թողարկվելու: Ներկա տոկոսադրույքներով (13-15 տոկոս տարեկան) ներքին պարտքի նման ընդլայնումը դեֆոլտի հավանականությունը ոչ թե կնվազեցնի, այլ ընդհակառակը` կավելացնի: Կառավարության ծրագրով արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս հիմնականում նախապատվություն կտրվի ազատ փոխարկելի արժույթով եւ ֆիքսված տոկոսադրույքով փոխառու միջոցներին, քանի որ 2009թ. սկսած արտաքին աղբյուրներից ներգրավված վարկերի կառուցվածքում էականորեն աճել է լողացող տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշիռը: Մասնավորապես` Ռուսաստանից ներգրավված 500 մլն դոլարի վարկի տոկոսադրույքը կապված է Libor-ի հետ: Կառավարությունում ենթադրում են, որ առաջիկա 3 տարիների ընթացքում 6-ամսյա Libor-ի տոկոսադրույքը կլինի 3 տոկոս: Կառավարության մյուս սկզբունքային որոշումն այն է, որ արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս նախապատվությունը կտրվի առնվազն 5 տարի արտոնյալ ժամկետ ունեցողներին:

No comments: