Thursday, July 8, 2010

Թուրք վերլուծաբան. Եկեք հրաժարվենք ազգային փոքրամասնություն արտահայտությունից

Panorama.am. 8-7-2010- Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի հայտնի վերլուծաբաններից Դողան Հեփերը հրապարակել է իր բավական ուշագրավ դիտարկումները Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը: Աղբյուրի համաձայն` հանուն ժողովրդավարացման կայացման հոդվածագիրն առաջարկում է առհասարակ հրաժարվել ազգային փոքրամասնություն արտահայտությունից` հանելով այն բոլոր իրավական փաստաթղթերից, պայմանագրերից և բառապաշարից: Նրա համոզմամբ` այդ բառը Արևմուտքի երանգն է կրում իր մեջ: «Հայ, հույն, հրեա . . . բայց, ախր, նրանք Թուրքիայում են ծնվել, մեծացել: Ձեր և իմ հարևանն են կամ ընկերը: Եթե այդպես է, ապա էլ ինչո՞ւ են նրանք տարանջատվում «ազգային փոքրամասնություն» եզրով»,- հարց է բարձրացնում է թուրք վերլուծաբանը և փորձում հասկանալ պատճառը: «Նրանց կրոնն է՞ այլ: Իսկ մի՞թե մեզանում չկան անհավատներ, ուրիշ դավանանքի հետևորդներ: Իհարկե` կան: Բայց նրանք բոլորն էլ թուրք են ու մեր եղբայրը»,- նկատել է տալիս Դողան Հեփերը: Ահա այդ նույն տրամաբանությամբ էլ նա առաջարկում է հայկական, հունական կամ հրեական ծագում ունեցողներին, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, չանվանել ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ: «Եկեք նրանց բոլորին էլ ընդունենք աշխատանքի իրենց իսկ ցանկացած ոլորտներում: Իսկ ինչո՞ւ ոչ: Հնարավորություն տանք նրանց լինելու օրինակ զինվորական կամ ոստիկան: Մի՞թե լավ չի լինի», - գրում է Հեփերը:

No comments: