Tert.am. 8-7-2010- Թուրքիայի Սահմանադրական դատարանը մասամբ չի բավարարել երկրի ամենախոշոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության` Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը չեղյալ հայտարարելու պահանջով հայցը: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ՍԴ նախագահ Հաշիմ Քըլըչը:
Ըստ Քըլըչի` ՍԴ որոշմամբ Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթում չեղյալ են հայտարարվել միայն Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդին և Սահմանադրական դատարանի անդամների ընտրությանն առնչվող հոդվածները:
Այսպիսով, ինչպես նախկինում նախատեսվում էր, սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի կունենա համաժողովրդական հանրաքվե:
Հիշեցնենք, որ մայիսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երեքշաբաթյա քննարկումներից և վեճերից հետո ընդունվել էր Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը:
Թուրքիայի իշխանությունների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը կազմված էր 30 հոդվածներից, որոնցից միայն երկուսը` 8-րդ և 18-րդ հոդվածները, չանցան խորհրդարանում։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծապես կարևորում էին փաթեթում տեղ գտած 8-րդ հոդվածը, որի ընդունման դեպքում խորհրդարանին էր փոխանցվելու քաղաքական կուսակցությունները փակելու լիազորությունը, որն այժմ Սահմանադրական դատարանի իրավասությունն է։
Փաթեթի ընդունման փաստի հետ չէր համակերպվել, սակայն, Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը, որի այն ժամանակվա առաջնորդ Դենիզ Բայքալը հայտարարել էր, որ իրենք Սահմանադրական փաթեթը չեղյալ հայտարարելու պահանջով դիմելու են Սահմանադրական դատարան:
Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը խորհրդարանում ընդունվելուց հետո ներկայացվել էր երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի վավերացմանը։ Վերջինս հաշված օրերի ընթացքում վավերացրեց այն:
Օրենսդրական փաթեթում ներառված որոշ դրույթների համաձայն` նախատեսվում էր բարեփոխումներ իրականացնել Թուրքիայի արդարադատության համակարգում, մասնավորապես, Սահմանադրական դատարանի և Դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի համակարգերում: Փոփոխություններից մեկով նախատեսվում է քաղաքացիական դատարաններում զինվորականների նկատմամբ դատական գործեր հարուցել:
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment