Tuesday, July 20, 2010

21 տարի անց. ի՞նչ պատահեց «ինքնորոշմանը»

21 տարի առաջ այս շաբաթ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբն ընդունեց «Խորհրդային Հայաստանի ժողովրդի ցանկության համաձայն Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանը ԱՄՆ աջակցության մասին» բանաձևը: Փաստաթղթում կոչ էր արվում Խորհրդային Միության նախագահ Գորբաչովին` «Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև ժողովրդավարական շարժման (այդ թվում` կալանքից վերջերս ազատ արձակված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների) ներկայացուցիչների հետ քնննարկել Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջը»: Այսպիսով, ճիշտ 21 տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի հանձնախումբն առաջին անգամ հնարավոր համարեց երկու հայկական սուբյեկտների վերամիավորումը: Բանաձևի հեղինակները նաև դիմում էին ամերիկացի դիվանագետներին` խորհրդային վարչակազմի հետ երկկողմ բանակցությունների շնորհիվ հասնել այն բանին, որ «ամենաբարձր ատյաններում հետաքննվի հայերի նկատմամբ բռնության դեպքերը»: Բնականաբար, նման բանաձևը չէր կարող չոգեշնչել շրջափակման մեջ հայտնված հայերին: «Մենք մենակ չենք»,- հայտարարում էին շարժման առաջնորդները: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային ճանաչում է ստացել հենց գաղութային համակարգի փլուզման ընթացքում և ամրագրվել 1960 թ. դեկտեմբերի 14-ի Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախության տրամադրման մասին հռչակագրում: Հռչակագրի ընդունումն արագացրեց գաղութային վարչակարգերի վերացումը, իսկ կայսրությունների ավերակների վրա այն ժամանակ առաջացան շուրջ 100 նոր պետություններ: Խորհրդային Միությունը նույնպես ընկալվում էր որպես կայսրություն: Բացի այս հռչակագրից, ամերիկացի օրենսդիրներն առաջնորդվում էին նաև միջազգային այլ իրավական ակտերով: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրում (ընդունվել է 1966 թ.) ասվում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի շնորհիվ նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը: Սույն դաշնագրին մասնակից բոլոր պետությունները… պարտավոր են, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն, խրախուսել ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգել այդ իրավունքը»: Խորհրդային Միությունն այդ դաշնագրի մասնակիցներից էր: Հենց այդ միջազգային-իրավական հենքի վրա 1989 թ. նոյեմբերի 19-ին ԱՄՆ Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի մասին արդեն երկրորդ բանաձևը, որը սատարում էր Հայաստանի հետ վերամիավորվելու մարզի ժողովրդի ձգտումը: Բանաձևում ասվում էր. «Հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքում ապրող մեծամասնություն` 80 տոկոս կազմող հայ բնակչությունը մտահոգություն է հայտնում…, իսկ ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի աշխատանքն անարդյունավետ էր…, անհրաժեշտ է Խորհրդային Միության հետ երկկողմ քննարկումների ընթացքում նպաստել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության արդարացի կարգավորմանը, որն իրոք կարտացոլեր այդ մարզի բնակչության հայացքները»: Մեկ այլ հիմնարար փաստաթուղթ, որով ղեկավարվում էին ամերիկացի օրենսդիրները, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիրն էր (1970 թ. հոկտեմբերի 24), որում ասվում է. «ինքնիշխան ու անկախ պետության ստեղծում, անկախ պետությանը ազատ միացում կամ նրա հետ միավորում, կամ ցանկացած այլ քաղաքական կարգավիճակի սահմանում»: Այսպիսով, աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզը և պետական սահմանների ուրվագծերը հենց ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կիրառման հետևանք են: Հարց է ծագում. իսկ 1989 թ. օրենսդիրներն ինչպե՞ս էին մեկնաբանում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Նրբերանգն այն է, որ այդ սկզբունքը մեկնաբանվում էր բացառապես արտաքին ագրեսիայից պետությունների պաշտպանության ֆոնի վրա: Տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը ըստ էության ստորադասվում է ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ինչի մասին վկայում է Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիրը: Միայն վերջին քսան տարիների ընթացքում երեսունից ավելի նոր պետությունների ճանաչման փաստը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի անկախ սուբյեկտների ձևավորման գործընթաց տեղի է ունենում նաև մեր օրերում, և որ այն ընթանում է հենց ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա: Կամ` եթե այլ կերպ` պետական սահմանների փոփոխելիության հիման վրա: Այսպիսով, ԽՍՀՄ փլուզման պահին միջազգային իրավունքը մեկնաբանվում և կիրառվում էր միանգամայն միանշանակ և որոշակի: Ու առաջին փաստաթուղթը, որը թույլատրում էր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, ընդունվել է 21 տարի առաջ Վաշինգտոնում: Արիս Ղազինյան «ԱրմենիաՆաուի» թղթակից

No comments: