Tuesday, July 20, 2010

ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ ԵՎ ԻՐԱՆԸ

«Լրագիր» 20-7-2010- ԱՄՆ և Իրանի միջև դիմակայությունը կարծես թե իրականություն է դառնում: Փորձագետները նշում են, որ Իրանի դեմ գործողություններին հասարակությանը նախապատրաստելու համար տեղեկատվական արշավի մեկնարկը ԱՄՆ-ում վկայում է, որ այդ իրականությունը սարերի հետևում չէ: Ինտեր Պրեսս Սերվիս միջազգային լրատվական կազմակերպության փորձագետ Ջիմ Լուբը գտնում է, որ առավելագույն ժամկետը 6 ամիսն է: Դրանով հանդերձ, գրեթե բոլոր հակաիրանական նախագծերում ուղղակի կամ անուղղակի առկա է Ադրբեջանը: Իրանի վրա հարձակվելու որոշումը արդեն ընդունված է, պատերազմի վտանգը, որ այն կարող է վերածվել միջուկայինի, անփուսափելի է դառնում, հայտարարել էր Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր հերթական հոդվածում: Այդ ֆոնին Հայաստանի և Իրանի միջև նկատվում է հարաբերությունների ջերմացման նոր ալիք: Հայաստան մտադիր են այցելություն կատարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Երեկ Ահմադինեջադը ընդունել է պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նույն օրը տեղի են ունեցել Սեյրան Օհանյանի հանդիպումները Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի և արտաքին գործերի նախարար Մ. Մոթթաքիի հետ: Ընդ որում, նրանք ընդգծել են, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն միջտարածարջանային միջնորդության մեխանիզմով: Ինչի հետ է կապված իրանա-հայկական հարաբերությունների ջերմացման նոր ալիքը: Ամենահավանականը երևի կապված է Ղարաբաղի հարցի հետ: Հուլիսի 17-ին Ալմաթիում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի գործընկերների հետ ունեցած հանդիպումը “սպառնում էր” կտրուկ փոխել ուժերի դասավորությունը Հարավային Կովկասում: Հնարավոր է, որ Իրանը դարձել է այն ուժը, որ խափանել է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայումը: Հենց այդ պատճառով է, որ Մոթթաքին Օհանյանին ասել էր, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծել տարածաշրջանային մեխանիզմներով, չթույլատրելով դրսի միջամտությունը: Իրանի դերը այս հարցում Հայաստանի համար միանշանակ դրական է եղել: Սակայն ինչպես պետք է Հայաստանն իրեն դրսևորի Իրան-Արևմուտք աճող հակասությունների պայմաններում: Կհաջողվի՞ պահպանել չեզոքություն` քայլեր չձեռնարկելով մի կողմից Իրանի, մյուս կողմից Իրանին չաջակցողների դեմ: Արևմուտքում ինչպե՞ս կընկալվի նոր հայ-իրանական ալիքը: Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել միայն ազգային շահի հարթության վրա: Հայկական իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ իրենց բոլոր գործերում իրենք պետք է հետևեն ոչ թե գործընկերական, բլոկային, մասնավոր, այլ ազգային շահերին: Դժվար թե ինչ-որ մեկը մեղադրի երկրին այն բանի մեջ, որ պաշտպանում է սեփական շահը: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: