Monday, July 19, 2010

ԻՍԿ ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԻ՞

«Լրագիր» 19-7-2010- Լեւոն Տեր-Պետրոսյանի հուլիսի 17-ի ելույթի վերաբերյալ ընդդիմախոսություններին տրվող պատասխանների թվում գերակշռում են հետեւյալները. նա միշտ է ասել, որ Ղարաբաղի հարցի լուծումից եւ բաց սահմաններից է կախված Հայաստանի զարգացումը, հետեւաբար հուլիսի 17-ի ելույթից զարմացողները կամ զայրացողներն այսպես ասած ընդամենը փոթորիկ են բարձրացնում մի բաժակ ջրում, ու նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը եւ ձեւակերպումը քաղաքական սփաթության վկայություն է եւ իրապաշտություն: Նախ “միշտ է ասել”-ի մասին: Իհարկե ասել է, ասել է դեռեւս 1997 թվականից: Հետո 10 տարի լռել է, հետո նորից ասել է 2007 թվականի սեպտեմբերի 21-ին, ինչի մասին շատ դիպուկ հիշեցնում են Տեր-Պետրոսյանի հուլիսի 17-ի ելույթի ընդդիմախոսություններին պատասխանողները: Բայց, արժե օրինակ ի թիվս այդ, ինչպես նաեւ այլ բազմաթիվ մեջբերումների, որ առաջին նախագահն արել է 2007 թվականի իր քաղաքական վերադարձից հետո, ուշադրություն դարձնել օրինակ 2007 թվականի հոկտեմբերի 26-ի նրա ելույթից, որը փաստացի կարելի է համարել քաղաքական վերադարձի նրա առաջին ելույթը, քանի որ նա այդ օրը հայտարարեց նախագահի ընտրությանը մասնակցելու իր որոշման մասին: Այդ իմաստով, սեպտեմբերի 21-ի նրա ելույթը ֆիզիկական իմաստով ավելի մոտ էր քաղաքական վերադարձին, բայց զուտ էներգետիկայի առումով ավելի մոտ էր նրա իշխանական հրաժարականի ժամանակին: Այդ պատճառով էլ ելակետային կփորձեմ համարել հենց հոկտեմբերի 26-ի ելույթը, առավել եւս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ ելույթը անվանել էր “Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը”: Եվ ահա թե ինչ է ասում այդ ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին. “Իրավիճակից դուրս գալու ելքը թեեւ դժվարհաղթահարելի, բայց միանգամայն հստակ է. Առաջին. նախ եւ առաջ պետք է մաքրել սեփական ախոռները եւ համաժողովրդական հուժկու ալիքով խափանել ներկա հանցավոր ռեժիմի վերարտադրությունը, վերականգնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, անհաշտ պայքար հայտարարել կոռուպցիայի, հովանավորչության, պաշտոնեական չարաշահումների դեմ, ստեղծել հիրավի ժողովրդավարական, իրավական, ազատ եւ արդար պետություն՝ քաջ գիտակցելով, որ Ղարաբաղի ապագան լիովին կախված է Հայաստանի հզորությունից”: Հարց է առաջանում, հիմա առանց Ղարաբաղի հարցի փոխզիջումային կարգավորման, հնարավո՞ր է արդյոք մաքրել սեփական ախոռները եւ համաժողովրդական հուժկու ալիքով խափանել ներկա հանցավոր ռեժիմի վերարտադրությունը, վերականգնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, անհաշտ պայքար հայտարարել կոռուպցիայի, հովանավորչության, պաշտոնեական չարաշահումների դեմ, ստեղծել հիրավի ժողովրդավարական, իրավական, ազատ եւ արդար պետություն՝ քաջ գիտակցելով, որ Ղարաբաղի ապագան լիովին կախված է Հայաստանի հզորությունից”: Ու էլի հարց, հիմա ինչպես հասկանալ, Հայաստանի ապագա՞ն է կախված Ղարաբաղի հարցի լուծումից, թե Ղարաբաղի ապագան է կախված Հայաստանի “հարցի” լուծումից: Կարծես թե 2007 թվականի հոկտեմբերի 26-ի ելույթի այդ դրվագի եւ 2010 թվականի հուլիսի 17-ի ելույթի այս` “Որո՞նք են, արդ, Հայաստանի քաղաքական վարքագիծը թելադրող ելակետային իրողությունները: Առաջին. Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը”, դրվագը իրարից բավականաչափ տարբերվում են, հետեւաբար այդքան էլ այնպես չէ, որ Տեր-Պետրոսյանը նույն բանն էր ասում նաեւ քաղաքական վերադարձի առաջին ամիսների կամ տարվա ընթացքում: Ինչպես տեսնում ենք, նրա խոսքի “առաջին” կետերի բովանդակությունը տարբեր է տրամագծորեն: Բայց խնդիրն իհարկե մեջբերումների պատերազմը չէ, խնդիրն ընդհանրապես պատերազմը չէ, ոչ էլ այն, թե երբ եւ ինչ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես ցույց է տալիս նրա հուլիսի 17-ի ելույթի “պաշտպանությունը”, խնդիրն այն է, թե ինչ հիմնավորումներ եւ փաստարկվածություն ունի այդ պնդումը, թե Հայաստանը չի կարող անվտանգության, դեմոգրաֆիայի եւ տնտեսության աճ ունենալ, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցն ու չեն բացվել սահմանները: Անշուշտ, չկարգավորված հակամարտություն չունենալու եւ բաց սահմաններ ունենալու պարագայում ցանկացած երկիր ունի զարգացման առավել մեծ հնարավորություն, քան հակառակ դեպքում: Դա վիճարկելը նույնիսկ կարելի է տգիտություն համարել: Բայց, արդյոք դա նշանակում է, որ զարգացում կարող է լինել միայն բաց սահմանի եւ չկարգավորված հակամարտություն չունենալու դեպքում: Ինչպես բնորոշել այդ պնդումը: Երբ այդ պնդման հեղինակներն ու ջատագովները այն բնորոշում են որպես սթափ հաշվարկ եւ իրապաշտություն, իսկ հակառակն էլ էմոցիա, մոլորություն եւ արկածախնդրություն, ապա դա նշանակում է, որ տգետ են համարում հասարակությանը: Բայց իհարկե այդ պնդման հեղինակների իրավացիությունը միանգամայն այլ երանգ եւ ամրություն կստանա այն բանից հետո, եթե նրանք օրինակ բացատրեն, թե Ղարաբաղի հարցը լուծելուց եւ հայ-թուրքական սահմանը բացելուց հետո ինչ մեխանիզմներ են աշխատելու, որոնք խաղաղ ու կայուն Հայաստան հոսող միլիարդները տանելու են ոչ թե բիզնես-իշխանություն սերտաճած համակարգի գրպանը, այլ բերելու են դեպի քաղաքացիեր: Ո՞վ է ապահովելու այդ մեխանիզմի գոյությունը, աշխատանքը: Ո՞վ է խանգարելու իշխանությանն ու օլիգարխներին ավելի հարստանալ եւ ձեռք բերել իրենց իշխանությունը Սահմանադրությունից եւ օրենքներից դուրս լծակներով պահելու էլ ավելի մեծ ու հուսալի հնարավորություն: Ղարաբաղի հարցը լուծելուց եւ հայ-թուրքական սահմանը բացելուց հետո ինչո՞ւ չպիտի շարունակեն կեղծել ընտրությունները, յուրացնել նյութական ռեսուրսները, կտրել ծառերը, պետական կարիքի անվան տակ վերցնել քաղաքացիների սեփականությունը, պահել սափրագլուխների բանակներ, պետական պաշտոններն ու բիզնես ոլորտները նվիրել իրար եւ միմյանց ժառանգներին: Ինչն է խանգարելու այդ ամենը շարունակել Ղարաբաղի հարցը լուծելուց հետո: Իհարկե, այդ դեպքում մի քիչ բան էլ կհասնի քաղաքացիներին, եւ ասենք եթե այսօր քաղաքացին օլիգարխի եթուղայինում կռացած է երթեւեկում, ապա վաղը կերթեւեկի մեջքն ուղիղ, հայացքը դեպի պայծառ ապագա, որովհետեւ երթուղայինները շատացած կլինեն, ու նաեւ նույն այդ քաղաքացին օլիգարխի սուպերմարկետից 1 կիլոգրամ միս ավելի կգնի եւ մեկ այլ օլիգարխի տոնավաճառից մի անդրավարտիք ավելին կառնի: Բայց չէ որ երկրում իշխանություն ձեւավորելու իրավունքը, միեւնույն է, նրան ոչ միայն չեն տա, այլ նույնիսկ չեն էլ վաճառի: Եվ եթե ամբողջ լուծվելիքը լինելու է երթուղայինում նստելն ու նոր անդրավարտիքով մեկ կիլոգրամ ավելի միս տուն տանելը, ապա միգուցե չարժե դրա համար “ծանր տեղը թեթեւացնել”, առավել եւս, որ եթե քաղաքացուն այդ ձեւով մի բան տալու են, հետո “ավանդական”ձեւով նրա քթից բերելու են հարյուրտասը բան: Թե՞ կան մարդիկ, որոնք մտածում են, որ Ղարաբաղի հարցը լուծելուց եւ հայ-թուրքական սահմանը բացելուց հետո իշխանության համար ներկայում ընտրություն կեղծող եւ դժգոհ քաղաքացիներ ծեծող սափրագլուխները մազերը երկարացնելու են եւ գնալու են դաշնամուրի կամ ջութակի: Թե կարծում են, որ մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների տերերը Ղարաբաղի հարցի լուծման հաջորդ օրն իրենց ունեցվածքի “ռասպրադաժա” են հայտարարելու: Ի՞նչ մեխանիզմով են այդ հարցերը լուծվելու Ղարաբաղի հարցի լուծումից եւ հայ-թուրքական սահմանի բացումից հետո: Եթե այդ մեխանիզմն առայժմ չի ներկայացվում, այլ ընդամենը ասվում է, որ բաց սահմանով զարգանալը հնարավոր է, իսկ փակով` անհնար, ապա դրա փոխարեն ավելի հստակ է, որ այդ հարցը լուծելուց հետո այլեւս չի լինելու Հայաստանի իշխանական ներկայիս համակարգի որեւէ բարոյական եւ ֆիզիկական արգելք, որը զսպող դեր կկատարի համակարգի համար, որը համակարգին մի քիչ սեփական հասարակության, ու մի ահագին էլ միջազգային հանրության առաջ է հաշվետու պահում: Իսկ երբ այդ հարցը դուրս է գալիս օրակարգից, ապա Հայաստանն էլ միջազգային հանրության օրակարգից է դուրս գալիս եւ` իշխանություն, արա քո քաղաքացիների հետ ինչ ուզում ես, որովհետեւ մեկ է, արդեն արել ես` ինչ մենք ենք ուզում, եւ անելու ես, որովհետեւ “ձեռք ես տվել, պիտի խաղաս” կանոնն ընդունել ես ու պարտավոր ես տանել մինչեւ վերջ: Այլ կերպ ասած, Ղարաբաղի հարցի եւ շրջափակման բեռից ձերբազատումը Հայաստանի իշխանական համակարգին ընդամենը ձերբազատելու է պատասխանատվության բեռի մի մեծ մասից եւ բացելու է այդ համակարգի երկրորդ շնչառությունը: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ անցնելով համակարգի գլուխ, Սերժ Սարգսյանը դիմեց հայ-թուրքական նախաձեռնողականության եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ինտենսիվացմանը, ու թերեւս բարեբախտություն է, որ միջազգային հանրության օրակարգը մի քիչ այլ էր, քան Հայաստանի իշխանական համակարգինը: Հետեւաբար անհասկանալի է, թե որն է այստեղ սթափն ու իրապաշտականը: Անհասկանալի է նաեւ, թե եթե դա սթափ ու իրապաշտ գնահատական է, արդյոք ուրեմն անսթափ ու անիրապաշտական է դժգոհելը 1995 թվականից ի վեր կեղծվող ընտրությունների, քաղաքական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակումների, իրավունքի ոտնահարման, արդարադատության բռնաբարման, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների հաստատման իրողությունից: Միթե չի ստացվում այդպես: Միթե այդ ամենն ընդամենը քաղաքական մանիպուլյացիաների շարքից չէ, որոնց նպատակների շարքում քաղաքացու եւ հասարակության, պետության անմիջական շահը եթե կա էլ, եթե մի պահ էլ եկել էր առաջ, ապա հիմա արդեն շատ ու շատ հեռու է ընկել: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: