Monday, July 19, 2010

«The Globe and Mail». «ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական օդանավերը գաղտնի բեռ են տեղափոխել Բաքու»

Panorama.am. 19-7-2010- Արտասահմանյան մամուլը հաճախ է գրում Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի տարածքի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից օգտագործվելու մասին: Սակայն այդ շարքում կանադական «The Globe and Mail» թերթում հրապարակված հոդվածը կարելի է բավական սենսացիոն համարել: «Ենի Մուսավաթը» հայտնում է, որ «Venator Capital Management» կենտրոնի տնօրեն Ավներ Մանդելմանը կանադական թերթում հակամարտությունների և գլոբալ բազաների վերաբերյալ հրապարակած հոդվածում նշելով, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հունիսին սկսել է ուժեր կուտակել Իրանի շուրջ, գրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի «USS Harri Trumen» ինքնաթիռներ փոխադրող նավերի խումբը, Իսրայելի ռազմական նավերի ուղեկցությամբ, անցնելով Սուեզի ջրանցքով, մտել է Պարսկական ծոց: «Դրանից երկու շաբաթ անց ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմափոխադրական ինքնաթիռներից կազմված օդային շարասյունը վայրէջք է կատարել Ադրբեջանում և դատարկել իրենց հետ բերած ինչ-որ «սարքավորումներ»: Այդ իրադարձությունը ստիպել է Իրանին ռազմական տագնապ հայտարարել»,- գրել է Ա.Մանդելմանը: Թեև հոդվածում չի ասվում, թե Բաքու բերված գաղտնի բեռների մասին լուրը որ աղբյուրներից է ստացվել, սակայն հայտնի է, որ հունիսի վերջերին Իրանն իսկապես բարձր ռազմական պատրաստվածություն է հայտարարել Ադրբեջանի հետ սահմանների երկարությամբ` այնտեղ տեղափոխելով մեծ քանակությամբ ցամաքային զորքեր, զրահապատ տեխնիկա և հրթիռային զորամիավորումներից կազմված ռազմական շարասյուներ: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Մոհսին Մյոինին իրանական ԶԼՄ-ների հետ զրույցում այդ միջոցառումների անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ տեղեկություններ ունեն Ադրբեջանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հատուկ սպառազինություն տեղակայվելու մասին: Իրանական ԶԼՄ-ներն այդ ժամանակ հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմական օդանավերը Իրանի դեմ օգտագործելու նպատակով ինչ-որ սարքավորումներ են իջեցրել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում: «Ենի Մուսավաթը» հայտնում է, որ Իրանի դեմ հարձակման ժամանակ Իսրայելի` Ադրբեջանի տարածքից օգտվելու հնարավորության մասին նշվում է նաև Լոնդոնում գտնվող Օքսֆորդի համալսարանի հետազոտական կենտրոնի համար պատրաստված զեկույցում: Այդ զեկույցում ցույց է տրվել, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումները կարող են տարածաշրջանում խոշորածավալ և երկարաժամկետ պատերազմի բերել, արդյունքում ավելի լուրջ ձևով ապակայունացնել իրավիճակն ամբողջ աշխարհում:

No comments: