Monday, July 19, 2010

Ադրբեջանցիները հուզվել են. Թեհրանում իրականում թարգմանվում են Հայոց ցեղասպանության մասին գրքերը

Tert.am. 19-7-2010- Իրանական մամուլի հայտարարությունները, թե Թեհրանում պարսկերեն չեն թարգմանվում Հայոց ցեղասպանության մասին գրքերը, ոչ մի հիմք չունեն։ Այս մասին ադրբեջանական Trend-ին ասել է Քաղաքական իննովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե Թեհրանում արգելվել է գերմանացի գրող Ժակոբ Կունզլերի «Արցունքների և արյան երկրում» գրքի թարգմանությունն ու տպագրումը։ «Իրանում անգլերենից թարգմանվել և ներկայացվել է ԱՄՆ Կլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ամոթալի արարք» գիրքը, որը քարոզում և փորձում է ապացուցել «Հայոց ցաղասպանությունը»։ Թեհրանի հայոց առաջնորդարանում անցկացված շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակը, թարգմանիչը, ինչպես նաև Թեհրանի համալսարանի դասախոսներ, որոշ պետական և քաղաքական գործիչներ»,- ասել է Ահմեդօղլուն՝ նշելով, որ միջոցառման մասնակիցների և թարգմանության կազմակերպիչների մեծ մասը հայեր չեն։ «Թեհրանում միշտ նշվում են հայերի համար կարևոր իրադարձությունները։ Պարզապես պաշտոնական Թեհրանի որոշմամբ նման միջոցառումներ են անցկացվում 10-15 օր ուշացումով։ Այս տարի հայերը «Հայոց ցեղասպանության» 95-ամյա տարելիցը և Շուշիի «հաղթանակի»18-ամյակը նշեցին մայիսի 24-ին։ Այդ միջոցառումների մասնակիցների մեծ մասը հայեր չեն։ Պաշտոնական Թեհրանը, փոխելով հայերի միջոցառումների և տոնակատարությունների անցկացման ժամանակը, գրավում է անորոշ դիրք։ Իր պաշտոնական դիրքորոշմամբ փորձելով շեղել մեզ՝ Թեհրանը գործնականում միշտ հայերի կողքին է։ Իրանը Հայաստանից հետո երկրորդ պետությունն է Լեռնային Ղարաբաղի տնտեսությունում»,- ասել է Ահմեդօղլուն։

No comments: