Thursday, July 8, 2010

Այժմ գտնվում ենք բանակցային գործընթացի կարևորագույն փուլում. Ռոբերտ Բրադտկե

Tert.am. 8-7-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում բացահայտել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ընթացող բանակցությունների որոշ մանրամասներ։ Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան և Ադրբեջան կարևոր դեր խաղաց հակամարտության կարգավորման մոտեցման մեջ։ Այն ևս մեկ անգամ հաստատեց, որ ԱՄՆ-ը վճռական է՝ աջակցելու կողմերին հարցի լուծման գործում։ Նա նաև նշել է, որ բանակցությունների ներկա փուլում կողմերը կարճաժամկետ խոչընդոտների փոխարեն պետք է ապագային նայեն։ «Այս հարցում պետք է մեծացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների առաջնորդների դերը։ Առաջնորդների դերի մեծացման մասին է վկայում ԱՄՆ նախագահի միացումը Կանադայում արված հայտարարությանը և ԱՄՆ պետքարտուղարի՝ վերջերս Հարավային Կովկաս կատարած այցը։ Քլինթոնն արտահայտեց յուրօրինակ միտք՝ ասելով, որ «երբեմն դեպի խաղաղություն ամենավերջին քայլերը լինում են ամենադժվարը»»,- ասել է Բրադտկեն՝ հավելելով, որ երբեմն ոչ մեծ քայլերը շատ ավելի մեծ նշանակություն են ունենում։ «Ապահովվել է որոշակի առաջընթաց։ Կողմերը համաձայն են, որ լուծումը պետք է հիմնվի Հելսինկյան սկզբունքների վրա։ Կողմերն ընդունում են վեց տարրերը, որոնք երկու անգամ ներկայացրել են ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները։ Դրանք Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր և վերջնական կարգավիճակներն են, զբաղեցված տարածքների վերադարձը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ուղիղ միջանցքը, փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները»,- ասել է համանախագահը։ «Այժմ մենք պետք է համաձայնեցնենք այս վեց տարրերը Հելսինկյան սկզբունքների հետ, հետո արտացոլենք դրանք շրջանակային համաձայնության մեջ և արդեն դրա հիման վրա կառուցենք կարգավորման ուղղությամբ վերջնական բանակցություններ։ Ուզում եմ նշել, որ մենք այժմ գտնվում ենք բանակցային գործընթացի կարևորագույն փուլում»,- ասել է Ռոբերտ Բրադտկեն։ Բրադտկեն նաև ասել է, որ համանախագահներն անում են ամեն ինչ՝ ղարաբաղյան հակամարտության էսկալացիան կանխելու համար։ Նա նշել է, որ հունիսին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում (նկատի ունի հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը իրականացված ադրբեջանական դիվերսիան)՝ բնորոշելով իրավիճակը որպես վտանգավոր։ Ամերիկացի համանախագահը նաև ասել է, որ հակամարտություը սառեցված չէ։ Նա վստահություն է հայտնել, որ երկու նախագահներն էլ խաղաղություն են ցանկանում՝ հասկանալով, որ նոր պատերազմը տարածաշրջանի համար ողբերգություն կլինի։ «Անկախ արդյունքից՝ պատերազմը կհանգեցնի թշնամանքի, որը կշարունակվի տասնամյակներ»,- ասել է Բրադտկեն։ Բրադկեն նաև նշել է, որ գլխավոր խնդիրը նախագահների հազվադեպ հանդիպումներն են։ «Դա մեզ համար դժվար հարց է։ Նախագահներից մեկը մեզ ասում է, որ ինքը խաղաղություն է ուզում, իսկ մյուս կողմը դա չի ուզում, հետո այդ նույն բանը մենք լսում ենք հակառակ կողմից»,- ասել է Բրադտկեն՝ հավելելով, որ նախագահները նման չեն միմյանց. «Նրանց ոճերը տարբեր են։ Բայց ես վստահ եմ, որ երկու նախագահներն էլ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորման հարցին»։ Ամերիկացի համանախագահը նաև նշել է, որ ինքը մշտապես մտածում է, թե որն է լինելու հաջորդ քայլը. «Համանախագահի դերն այն է, որ մտածի՝ ինչպես առաջ տանի գործընթացը։ Այս ճանապարհին լինում են և՛ լավ, և՛ վատ օրեր։ Բայց ամենակարևորը առաջ գնալն է։ Դա նման է հեծանիվի. եթե կանգնես, անպայման կընկնես»,- եզրափակել է Բրադտկեն։

No comments: